Ճանապարհորդություն Louis Vuitton-ի նոր գրքերի հետ

11:50 • 13.03.13

Louis Vuitton նորաձևության տունը թողարկել է ճանապարհորդողների համար նախատեսված Travel Book ճանաչողական գրքերի իր նոր հավաքածուն, հայտնում է buro247.ru-ն։ Նոր գրքերում աշխարհի տարբեր մշակույթների ուսումնասիրությունը կատարվում է նկարիչների աչքերով։

 

Նախագծի վրա աշխատելու համար Louis Vuitton-ը հրավիրել է նկարիչ Չերի Սամբային, ով պատմել է Փարիզում իր սիրելի վայրերի մասին, ամերիկացի Դենիել Արշամը մեկնել է Զատկի կղզի (կղզի Խաղաղ օվկիանոսի հարավային մասում)։ Ֆրանսիացի Ժան Ֆիլիպ Դելոմն էքսկուրսիա է անցկացրել Նյու Յորքում, իսկ երիտասարդ նկարիչ Նացկո Սեկին պատմել է Լոնդոնի մասին։

 

2014թ. Travel Book-ի երկրպագուները կտեսնեն Վենետիկը նկարիչ Ժիրո Տանիգուչիի աչքերով, այն դեպքում, երբ Վիետնամը կպատկերի իտալական կոմիքսների հեղինակ Լորենցո Մատիոտին։


Գրքերը հասանելի կլինեն անգլերենով և ֆրանսերենով, իսկ ձեռք բերել դրանք հնարավոր կլինի Louis Vuitton-ի խանութներում, Ֆրանսիայի որոշ գրախանութներում, ինչպես նաև ընկերության պաշտոնական կայքում՝ 45 եվրոյով։

 

Louis Vuitton նորաձևության տունն առաջին անգամ ներկայացրել է Louis Vuitton City Guides ճանաչողական գրքերի շարքը 1998թ.-ին։  Լավագույն հյուրանոցները, ռեստորաններն ու բուտիկները. City Guide-ի էջերում կարելի է գտնել ամբողջ անհրաժեշտ տեղեկությունը։ Հրապարակումների քանակն այսօր գերազանցում է հարյուրը. յուրաքանչյուր անգամ ավելացվում են նորանոր աշխարհագրական ուղղություններ։