Շվեյցարական նորաստեղծ ընկերությունը շատ մատչելի տիեզերական մաքոք է թողարկելու
Շվեյցարական S3 (Swiss Space Systems Holding SA) ընկերությունը հայտարարել է նոր բազմակի օգտագործման համակարգի ստեղծման մասին, որով տիեզերք դուրս կբերվեն մինչև 250 կգ քաշով մինի-արբանյակները: Նոր համակարգի առաջին մեկնարկը 2017թ. է նախատեսված, հաղորդում է РИА Новости գործակալությունը:
S3 ընկերությունը ստեղծվել է 2012թ., սակայն միայն այսօր է կայացել պաշտոնական «մեկնարկը»: Ընկերության հիմնադիր և ղեկավար Պասկալ Ժաուսին (Pascal Jaussi), ով նախկին օդաչու-փորձարկիչ է, ներկայացրել է մեկնարկային համակարգի նախագիծը:
Այն բաղկացած կլինի Airbus A300 դասի օդանավից, որի «մեջքին» տեղակայված կլինի փոքրիկ սուբուղեծրային մաքոքը: Թռիչքից հետո, 10 կմ բարձրության վրա մաքոքը կառանձնանա օդանավից, կմեկնարկեն շարժիչները և կբարձրանա մինչև 80 կմ բարձրության վրա:
Այստեղ կգործարկվի երկրորդ աստիճանը, որը և արբանյակները մինչև 700 կմ բարձրության կհասցնի: Օդանավը և մաքոքը վայրէջք կկատարեն նույն օդանավակայանում, որտեղից օդ են բարձրացել:
S3 համակարգի ստեղծման ժամանակ կիրառվել է Dassault Aviation ընկերության նախագծերը և փորձը, որը 1980-ականներին մասնակցել է եվրոպական «Հերմես» (Hermes) խոշոր մաքոքի ստեղծման աշխատանքներին:
Այդ փորձի կիրառման շնորհիվ, նոր համակարգի ստեղծման վրա ընդամենը 250 մլն շվեյցարական ֆրանկ (203 մլն եվրո) կծախսվի, չնայած այդ նպատակով անհրաժեշտ էր մի քանի միլիարդ եվրո:
Միևնույն ժամանակ մեկ արբանյակի դուրսբերման գինը 10 մլն ֆրանկ կլինի, որը 4 անգամ էժան է այդ գործողության ներկայիս շուկայական գնից:
2015թ. S3-ը շվեյցարական Պայերենում կկառուցի իր տիեզերակայանը, որի համար 50 մլն ֆրանկ կծախսվի, իսկ 2016թ. կավարտվի մաքոքի կառուցումը:










