Amazon-ը Եվրոպայում ներկայացրել է ավելի մեծ էկրանով Kindle պլանշետը
Պլանշետային համակարգիչների շուկայում մրցակցությունը գնալով թեժանում է, քանի որ ոլորտի առաջատար համարվող iPad-ի համար եվրոպական շուկայում հայտնվել է նոր մրցակից՝ Amazon-ի Kindle պլանշետը։
Ինչպես նշում է Daily Mail-ը, Kindle Fire HD պլանշետն ունի ավելի մեծ՝ 22,6 սմ անկյունագծով էկրան, ինչը շատ քիչ է զիջում iPad-ի չափին։ Նորույթն ունի ներդրված ստերեո բարձրախոսներ և կարող է անմիջապես միացվել HDTV հեռուստացույցին՝ մեծ էկրանին ֆիլմեր ցուցադրելու համար։
Պլանշետն օգտվում է Amazon-ի ունեցած ֆիլմերի, երաժշտության և հավելվածների առցանց խանութներից և, ինչպես հաստատում են ընկերությունից, ներկայում պլանշետի համար հասանելի է 50 հազար հավելված։ Amazon-ը մեծ հույսեր է կապում այս պլանշետի հետ և գտնում է, որ մասնավորապես եվրոպական շուկայում շնորհիվ ավելի մատչելի գնի այն լուրջ մրցակցություն կներկայացնի iPad-ի համար։
Kindle Fire HD-ն ավելի վաղ ներկայացվել է Միացյալ Նահանգներում։










