Նոր անհավանական տվյալներ Քրիստոսի կյանքի և մահվան մասին՝ նոր գրքում

20:15 • 14.03.13

Հոլանդացի հետազոտող Ռուլոֆ վան դեն Բրուքի «Կեղծ Կիրիլոս Երուսաղեմցին. Քրիստոսի կյանքի և չարչարանքների մասին» գրքում Հիսուսի կյանքի ու մահվան մասին նոր տեղեկություններ է հրապարակել, հայտնում է Daily Mail-ը:

 

Ըստ այդմ՝ գրքում հոլանդացի գիտնականը թարգմանել է մի փաստաթուղթ, որում ներկայացված են Հիսուս Նազովրեցու կյանքի շատ եզակի մանրամասներ: Դրա համաձայն՝ Քրիստոսին բռնել են երեքշաբթի, այլ ոչ թե հինգշաբթի օրը, ինչպես ընդունված է համարել: Իսկ ուրբաթօրյա խաչելությունից առաջ նա հաց է կերել Պոնտացի Պիղատոսի տանը, որը պատրաստ է եղել հանուն նրա զոհաբերել իր որդուն: Սակայն Հիսուսը մերժել է այդ առաջարկը և մահվան գնալուց առաջ օրհնել նրա ողջ տունը:

 

Բերվում է նաև Հիսուսի և հռոմեացի կառավարչի ջերմ խոսակցության թարգմանությունը, ինչից հասկանալի է դառնում, թե ինչու է Պիղատոսը սուրբ հռչակված ղպտիական և եթովպական եկեղեցիներում:

 

Հեղինակը պատմում է նաև Քրիստոսի՝ նախկինում անհայտ կերպարանափոխության ձիրքի մասին: Որպես ապացույց բերվում է Հուդայի խոսքը, որն ասում է. «Հապա ինչպես կբռնենք նրան, չէ՞ որ նա երբեք մեկ կերպարանքով չի լինում: Նա կարող է կարմրամորթի կամ սպիտակամորթի, սևամորթի և մուլատի վերածվել, նա կարող է ճգնակյացի, երիտասարդի կամ ծերունու տեսք ունենալ»: Նշվում է, որ Քրիստոսը կարողանում էր անգամ անտեսանելի դառնալ:
Վան դեն Բրուքի գիրքը կարելի է ձեռք բերել Brill հրատարակչատան կայքից 140 դոլարով:

 

Կիրիլոս Երուսաղեմցի անունով հեղինակը, ում գործը թարգմանվել է, ապրել է 4-րդ դարում: Նրա գործը պահվել է ղպտիական վանքում, ապա Նյու Յորքի Մորգանի գրադարանում: