Facebook-ն ավելի շատ փոփոխություններ է անում իր արտաքին տեսքում
Facebook-ն ավելի շատ փոփոխություններ է անում, արձանագրում է Huffington Psot-ը՝ անդրադառնալով աշխարհի ամենամեծ սոցկայքի «նոր տեսքին»:
Իր նոր ինտերնետային էջը ներկայացնելու օրեր անց Facebook-ը չորեքշաբթի օրը հայտարարել է, որ փոփոխություններ է անում Timeline-ում: Վերջինս այժմ առավել պարզ է:
Աղբյուրը նկատում է, որ վերաձևավորման հետևանքով օգտատիրոջ բոլոր հրապարակումները այժմ մեկ սյունյակում են՝ աջ կողմում: Իսկ About (օգտատիրոջ մասին) էջում այժմ կարելի է նոր ձևով ինքնարտահայտվել՝ ավելացնելով տվյալներ նախընտրելի մեդիայի կամ ծրագրերի մասին:
Առաջին փոփոխության մասին ասեկոսեներ կային, թե փորձնական է, սակայն Facebook-ն ակնհայտորեն այդ տեսքով էլ շարունակելու է հանդես գալ:
FB վերջին փոփոխությունների առիթով TechCrunch-ը նկատում է, որ այժմ Timeline-ի էջերը օգտատիրոջը ավելի լավ ներկայանալու զգացողություն են պարգևում, ինչը կարող է ազդեցություն ունենալ նաև մոնետիզացիայի վրա. մարդկանց ավելի շատ կիսվել ստիպելը Facebook-ին ավելի արժեքավոր գովազդային թիրախավորման տվյալներ է տալիս: Այժմ ավելի պարզ է, թե մարդիկ ինչ են անում, այլ ոչ թե միայն ինչ են հավանում:
Facebook-ի Timeline-ը գործարկվել էր 2011-ի աշնանը և պարտադիր էր դարձել բոլոր օգտատերերի համար 2012-ի սկզբին:










