Հրապարակվել են մարդու ամբողջ կյանքը հիշող Memoto կրծքանշան-ֆոտոխցիկի առաջին լուսանկարները

23:57 • 14.03.13

Memoto փոքրիկ (36 x 36 x 9 մմ) կրծքանշանի տեսք ունեցող լուսանկարչական սարքի ստեղծողներն իրենց բլոգում հրապարակել են առաջին լուսանկարները, որոնք կատարվել են այդ սարքով:

 

Լուսանկարները, որոնք իրականացվել են օրվա լուսավոր ժամերին, կարելի է դիտել այստեղ:


Նշվում է, որ բոլոր լուսանկարները կատարվել են Memoto-ով և որևէ ֆոտոմշակման չեն ենթարկվել:


Memoto ֆոտոխցիկը դիմացից քառանկյուն տեսք ունի՝ կլորացված անկյուններով: Դիմացի մասում օբյեկտիվն է, իսկ հետևում ամրակը, որով այն ամրացվում է հագուստին:

Սարքը որևէ սեղմակ չունի: Memoto-ն ավտոմատ կերպով է լուսանկարում` ամեն 30 վայրկյան այն մեկ 5-մեգապիկսելանոց լուսանկար է անում, որը պահվում է սարքի ներքին հիշողության մեջ:


Մեկ օրվա ընթացքում, լուսանկարչական սարքը 4 գիգաբայտ լուսանկար է կուտակում:
Ստեղծողները Memoto-ն ներկայացնում են որպես «տեսամատյան» վարելու սարք, որն օգնում է պահել ամբողջ կյանքի պատմությունը՝ լուսանկարներով:


Սարքում կա GPS, և բոլոր լուսանկարները քարտեզային ամրագրում (գեոթեգեր) են ստանում: Մարտկոցի լիցքը երկու օր է բավարարում: Լուսանկարները կարելի է ներբեռնել համակարգիչ կամ ուղարկել Memoto-ի «ամպային պահոց»:


Հիշեցնենք, որ երբ սարքը դեռ ստեղծման նախնական փուլում էր, և մտահղացումը
արտադրության վերածելու համար անհրաժեշտ միջոցների հավաքագրում էր իրականացվում սոցիալական նախաձեռնությունների ֆինանսավորման Kickstarter կայքի միջոցով, Tert.am-ն անդրադարձ էր ներկայացրել նոր սարքի մասին՝ «Շվեդիայում մինի ֆոտոխցիկ է ստեղծվել, որը կարող է նկարահանել մարդու ողջ կյանքը» հոդվածում:

 

Հրապարակվել են մարդու ամբողջ կյանքը հիշող Memoto կրծքանշան-ֆոտոխցիկի առաջին լուսանկարները