Մեկնարկել է Բրիտանական ֆիլմերի փառատոնը
Հայաստանի պետական մանկավարժական համալսարանում (ՀՊՄՀ) այսօր «Մարդասպանների ընտանիքը» ֆիլմի ցուցադրությամբ մեկնարկել է Բրիտանական ֆիլմերի 11-րդ փառատոնը, տեղեկացնում է համալսարանի մամուլի ծառայությունը:
Այդ առթիվ բուհում հյուրընկալվել էր Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնաթան Էյվսը, դեսպանատան բարձրաստիճան աշխատակիցներ:
Հյուրերին ողջունել է բուհի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը, ով կարևորել է ՀՊՄՀ–ում փառատոնի մեկնարկը՝ նշելով, որ բուհում պատրաստվում են ոչ միայն մանկավարժներ, այլև հեռուստատեսության, ռադիոյի, կինոյի և այլ բնագավառի մասնագետներ:
Ռեկտորն ընդգծել է նաև, որ բուհում մեծ ուշադրություն է դարձվում օտար լեզուների՝ հատկապես անգլերենի մասնագետներ պատրաստելուն, որը շրջանավարտներին հնարավորություն կտա առավել հեշտությամբ ընդգրկվել եվրոպական ակադեմիաներում:
Ռուբեն Միրզախանյանը Ջոնաթան Էյվսին շնորհել է Մանկավարժական համալսարանի 90-ամյակը խորհրդանշող հոբելյանական մեդալ:
Մեծ Բրիտանիայի դեսպանը մեծ պատիվ է համարել մեդալին արժանանալը՝ նշելով. «Մենք բարձր ենք գնահատում, որ Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկը իր ցանկությունն է հայտնել բրիտանական ֆիլմեր ցուցադրել բուհում»:
Դեսպանի կարծիքով, այս ցուցադրությունը կամրապնդի երկու երկրների միջև մշակութային կապը՝ դառնալով առավել ամուր համագործակցության սկիզբ:
Դեսպանն ասել է, որ Հայաստանում պաշտոնավարելու ընթացքում նկատել է՝ կան բազմաթիվ տաղանդավոր երիտասարդներ, որոնք, տեսնելով այս ֆիլմերը, նոր կապեր կհաստատեն բրիտանացի մասնագետների հետ և կկարողանան մինչև վերջ օգտագործել իրենց ներուժը:










