ԶԼՄ-ները կասկածում են Կառլա Բրունիին իր երգերից մեկում Օլանդին ծաղրելու մեջ
Ֆրանսիական ԶԼՄ-ները կասկածում են երկրի նախկին առաջին տիկնոջը՝ Կառլա Բրունի Սարկոզիին, իր երգերից մեկում երկրի ներկայիս նախագահ Ֆրանսուա Օլանդին ծաղրելու մեջ, հայտնում է РИА Новости-ն։
«Պինգվին» անվանումով երգում կան հետևյալ տողերը. «Ոչ տգեղ, ոչ գեղեցիկ, պինգվին, ոչ բարձրահասակ, ոչ ցածրահասակ։ Ոչ տաք, ոչ սառը, ոչ այո, ոչ ոչ»։ Հենց «ոչ այո, ոչ ոչ» արտահայտությունն է գրավել ԶԼՄ-ների ուշադրությունը, քանի որ որոշ ֆրանսիացիներ նախընտրական քարոզարշավի ժամանակ «պարոն ոչ այո, ոչ ոչ» էին անվանում Օլանդին։
Վերջին շաբաթների ընթացքում Կառլա Բրունին սկսել է աստիճանաբար բացահայտել իր նոր, թվով 4-րդ ալբոմի պարունակությունը, որի շնորհանդեսը նախատեսված է ապրիլի 1-ին։
Միևնույն ժամանակ Բրունին հերքում է, որ երգում խոսքն իր ամուսնու քաղաքական հակառակորդի մասին է։ «Այս երգն անդաստիարակ, տհաճ մարդկանց մասին է, ովքեր անհասկանալի են։ Ես չեմ տեսնում արդարացում այն մարդկանց համար, ովքեր զուրկ են քաղաքավարությունից»,- բացատրել է նա։










