Չինաստանն արվեստի շուկայում առաջատարի դիրքը զիջել է ԱՄՆ-ին

17:22 • 15.03.13

Արվեստի գործերի և հնաոճ իրերի վաճառքի ծավալներն աշխարհում 2012թ.-ի արդյունքներով կազմել են 43 մլրդ եվրո՝ նախորդ տարվա համեմատությամբ կրճատվելով 7%-ով։ Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն՝ Reuters գործակալությանը հղումով, այդ մասին են վկայում Arts Economics ընկերության կողմից արված ուսումնասիրության արդյունքները։

 

Անկումը պայմանավորված է եղել Չինաստանի դիրքերի վատացմամբ։ Անցյալ տարվա տվյալներով՝ Չինաստանի արվեստի շուկան 24 տոկոսանոց անկում է գրանցել՝ նախորդ՝ 2011թ.-ի համեմատությամբ (մինչև 10.6 մլրդ եվրո)։ 30%-անոց անկում է գրանցվել նաև Չինաստանի աճուրդներում։

 

Այսպիսով՝ Չինաստանը զիջել է առաջատարի դիրքերն ու զբաղեցրել երկրորդ տեղը։
 

Առաջին տեղում հայտնվել է ԱՄՆ-ն՝ 30 տոկոսանոց բաժնեմասով (14,3 մլրդ)։ Երրորդ տեղում Մեծ Բրիտանիան է՝ 23 տոկոսով։


Հետազոտողների տվյալներով՝ չինական արվեստի շուկայի անկման հիմնական պատճառներից մեկը եղել է տնտեսական աճի տեմպի նվազումը։

 

2012թ.-ի արդյունքներով՝ գնորդները կենտրոնացել են հայտնի նկարիչների, այդ թվում՝ վերջին շրջանի և ժամանակակից արվեստի ներկայացուցիչների վրա։