Mercedes-ը ներկայացրել է նացիստական դարաշրջանից ի վեր առաջին վեցակնանի մեքենան (տեսանյութ)
Մեքենաշինության ոլորտի ամենահեղինակավոր ընկերություններից մեկը՝ Mercedes Benz-ը, ներկայացրել է նացիստական դարաշրջանի ավարտից ի վեր առաջին վեցակնանի արտաճանապարհային մեքենան՝ Mercedes G63 AMG 6x6-ը, որն արտադրվել է սահմանափակ քանակով և ստեղծվել G-Wagon մոդելի հիման վրա։
Ինչպես նշում է Daily Mail-ը, մեքենան ունի տանկին բնորոշ հնարավորություններ և շքեղ լիմուզինի հարմարավետություն։
Հսկայական արագություն զարգացնելու համար Mercedes-ը G Wagon-ի ստանդարտ 3 լիտրանոց դիզելային շարժիչը փոխարինել է 5,5 լիտրանոց V8 շարժիչով։ Արդյունքում ստացվել է 536 ձիաուժ հզորությամբ «գազան», որը կշռում է 3,85 տոննա, ունի 5,7 մ երկարություն։
Նորույթի գինը մոտ 400.000 դոլար է, ինչը 3 անգամ ավելի թանկ է G Wagon-ի գնից։ Ընկերության ներկայացուցիչները հայտնել են, որ այս մեքենայից տարեկան վաճառքի կհանվի 30 օրինակ։
Վեցակնանի մեքենաները Mercedes-ն արտադրել է 1934 -1939 թթ. ընթացքում՝ գերմանական բանակի համար։
Ադոլֆ Հիտլերը եղել է այս մեքենայի երկրպագուներից մեկը և դրանից ունեցել 8 հատ։










