Բողոքի ակցիա Մշակույթի նախարարության առջև՝ Գառնիի կամրջի հարցով
Գառնու 11-13–րդ դարերի միջնադարյան կամուրջի վերականգման առիթով այսօր մի խումբ քաղաքացիներ իրենց բողոքի ձայնը բարձրացրին ՀՀ մշակույթի նախարարության շենքի առջև։
Նրանց կարծիքով՝ այդ աշխատանքների ընթացքում կամուրջը կորցրել է իր պատամշակութային արժեքը:
Tert.am-ի հետ զրույցում ակցիայի մասնակից Արգիշտի Կիվիրյանը նշեց, որ ակցիան «նախարարության իրականացրած ապօրինության» դեմ է, քանի որ, ըստ նրանց, նախարարությունը ոչ թե վերականգնել, այլ ավիրել է կամուրջը՝ Հայաստանի մշակութային հուշարձանը:
«Հազար տարվա կառույցը եվրոտյունինգ են արել: Նախարարությունը փորձում է ինչ-որ կերպ հիմնավորել իր ապօրինությունը, որ կարելի է այդպես էլ վերականգնել, բայց հերիք է իրար կողք դնել նախկին լուսանկարը և այսօրվա տեսքի լուսանկարը և էլեմենտար տրամաբանություն ունեցող մարդու համար հասկանալի կլինի, որ կառույցը ավիրվել է»,– ասաց նա:
«Նույն տրամաբանությամբ կարող են դնել Գառնու տաճարը աբլիցովկա անել, կարող են Էջմիածնի մայր տաճարը դնել իտալական կաֆել մետլախով սբլիցովկա անել: Պատմամշակութային արժեքները պետք է վերականգնել հատուկ տրամաբանությամբ, որպեսզի չավիրվի և չկորի պատմական արժեքը»,-ասաց նա:
Ակցիայի մեկ այլ մասնակից Գոռ Հակոբյանը նշեց, որ կամուրջը կորցրել է իր հոգևոր արժեքը, քանի որ ավելացվել են սրբատաշ քարեր, սալիկներ: Նա նշեց, որ մի շարք ճարտարապետների հետ խոսելով՝ հասկացել են, որ շինարարական աշխատանքները սխալ են իրականացվել:
«Այն այլևս արժեք չունի կամ, եթե ունի էլ՝ դարձել է բոլորովին այլ հուշարձան: Մենք պահանջում ենք հանրային բաց հաշվետվություն՝ ասեն թե ինչ են արել ու ով է որոշել: Սրանով մենք նաև փորձում ենք կանխել նմանատիպ դեպքերի կրկնությունը»,- ասաց նա:
Նշենք, որ դեռևս մարտի 11-ին ակցիայի մասնակիցները նամակ էին ուղարկել նախարարություն՝ բացատրություն պահանջելով ստեղծված իրավիճակի համար:
Այսօրվա ակցիայի մասնակիցների հետ հանդիպեցին Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության տնօրեն Վլադիմիր Պողոսյանը և Հուշարձանների վերականգնման բաժնի պետ Դորվարդ Առուշանյանը, ովքեր մասնակիցներին հանձնեցին նամակի պատասխանները: Գոռ Հակոբյանը նշեց, որ տրված թղթերը ուսումնասիրելուց և մասնագետների եզրակացությունը ստանալուց և այլընտրանքային կարծիք ձևավորելուց հետո, կհանդիպեն Մշակույթի նախարարության համապատասխան անձանց հետ:










