Samsung-ը ներկայացրել է Galaxy S4 սմարթֆոնը

08:45 • 15.03.13

Հարավկորեական Samsung ընկերությունը մարտի 15-ին Նյու Յորքում կայացած շնորհանդեսի շրջանակներում ներկայացրել է իր երկար սպասված սմարթֆոնը՝ Galaxy S4-ը, հայտնում է Лента-ն։


Նորույթի առանձնահատկություն այն է, որ ցանկության դեպքում օգտատերը կարող է կառավարել սմարթֆոնն առանց էկրանին դիպչելու։ Համապատասխան գործառույթները ստացել են հետևյալ անվանումները՝ Smart Scroll (էջերը թերթելու համար) և Smart Pause (երբ օգտատերը շեղում է ուշադրությունը տեսանյութն ավտոմատ կերպով կանգ է առնում)։


Արտաքնապես Galaxy S4 բավական նման է նախորդ Galaxy S3 մոդելին, սակայն ընկերության ներկայացուցիչները նշել են, որ այն ավելի բարակ և ամուր է։ Սմարթֆոնը կշռում է 130 գր և ունի 7,9 մմ հաստություն։ Կորպուսը պատրաստված է պոլիկարբոնատից, ինչն օգտագործվում է նաև Nokia հեռախոսների արտադրման դեպքում։ Նոր սմարթֆոնն ունի 5 դույմանոց , Super AMOLED տեխնոլոգիայով պատրաստված բարձրորակ էկրան (1920x1080 resolution)։ Յուրաքանչյուր դույմին բաժին է ընկնում 441 պիքսել։


Samsung պատրաստվում է թողարկել սարքի 2 տարբերակ. առաջինը կունենա Snapdragon քառամիջուկ պրոցեսոր, իսկ մյուսը ութմիջուկանի Exynos։ Բացի այդ, Galaxy S4–ը «զինված է» 2 գիգաբայթ օպերատիվ հիշողությամբ, ինչպես նաև նոր սենսորներով՝ խոնավության և ջերմաստիճանի։ Այն գործում է Android 4.2.2 օպերացիոն համակարգի հիման վրա, իսկ ինֆրակարմիր լուսային դիոդը հնարավորություն է տալիս սմարթֆոնն օգտագործել որպես հեռուստացույցի կառավարման վահանակ։


Galaxy S4-ն ունի 2 տեսախցիկ՝ 13 մեգապիքսելանոց հետևի մասում և 2 մեգապիքսելանոց՝ առջևի։ Օգտատերը հնարավորություն կունենա միաժամանակ լուսանկարել 2 տեսախցիկներով։ Չորս վայրկյանի ընթացքում տեսախցիկն անում է հարյուրավոր կադրեր, որոնք հետո համակցում է մեկ լուսանկարի մեջ։


Սարքը վաճառքի կհանվի ընթացիկ տարվա ապրիլի վերջին, սակայն հեռախոսի գինը դեռ հայտնի չէ։ Samsung–ի ներկայացուցիչը նշել է նոր Galaxy S4–ը կվաճառվի աշխարհի 155 երկրներում։

 

Samsung-ը ներկայացրել է Galaxy S4 սմարթֆոնը