Էրիկ Քլեփթոնի հայտարարած մրցույթի ինտերնետային քվեարկությունում հաղթել է Սուրեն Առուստամյանը (տեսանյութ)
Աշխարհահռչակ կիթառահար Էրիկ Քլեփթոնի հայտարարած «Cocaine» երգի 35-ամյակին նվիրված մրցույթի ինտերնետային քվեարկությունում հաղթել է երգիչ և կիթառահար Սուրեն Առուստամյանը . այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց երաժիշտը։ Ըստ նրա, աշխարհի տարբեր երկրներից մասնակցության հայտ ներկայացրած կիթառահարները պետք է ներկայացնեին Քլեփթոնի «Քոքաին» կոմպոզիցիայի քավըր տարբերակներ:
«Մրցույթը Էրիկ Քլեփթոնի կազմակերպած մրցույթներից մեկն է, որը մեկնարկել է դեկտեմբերից, այսինքն՝ մինչ այդ ձայնագրում էիր գործը կոնկրետ այն երկրում, որտեղ ապրում ես և ուղարկում էիր, որից հետո տեղի էր ունենում քվեարկություն։ Քվեարկությունը փակվում էր և ընտրվում էր երկու հաղթող՝ մեկը քվեարկությամբ, մյուսը ժյուրիի ընտրությամբ»,- ասաց նա և նշեց, որ երեկ էլ հայտարարվել են հաղթողները, որից մեկն ինքն է եղել։
Երաժիշտը նշեց, որ քվեարկության արդյունքներով երկրորդ տեղում հայտնված մրցակիցը հազարից ավելի հավանությամբ հետ է մնացել իրենից։ Ըստ նրա, որպես մրցանակ երգի հաղթանակած տարբերակը կտեղադրվի Էրիկ Քլեփթոնի կայքերում, կստանա նաև Քլեփթոնի սկավառակների սուպեր լյուքս և վինիլային տարբերակները օրիգինալ, իսկ թե հետո ինչ կլինի, ըստ նրա, դա արդեն պարզ կդառանա ավելի ուշ։
Նշենք, որ Սուրեն Առուստամյանը մասնակցում է նաև Play Crossroads 2013 մրցույթ-փառատոնին, որի հաղթողը հնարավորություն կստանա մասնակցել Նյու Յորքում կայանալիք Crossroads Guitar Festival-ին և միևնույն բեմից հանդես գալ այնպիսի լեգենդար երաժիշտների հետ, ինչպիսիք են Էրիկ Քլեփթոն, Բի ԲԻ Քինգ, Ջոն Մայեր, Ջոնի Լանգ, Բադդի Գայ և այլոք:
Աշխարհի ամենահեղինակավոր միջազգային փառատոնին մասնակցելու համար հայտարարված մրցույթը տեղի կունենա ապրիլի 12-13-ը Նյու-Յորքում: Ժյուրին մոտ 2000 մասնակիցներից կընտրի միակ հաղթողին՝ հայտնված Top 100-ում: Հաշվի է առնվելու նաև բարձր Buzz Rating-ը: Այն ներառում է առավելագույն ակտիվություն ինտերնետում: Հաշվարկը կատարվում է` plays-ի քանակով (լսել երաժշտությունը), Support- ի (Add your support) հաճախականության և քանակի միջոցով, ինչպես նաև մեկնաբանությունների (Comment) և տարածման (Share) միջոցով: Շատ կարևոր է նաև մասնակցի՝ տվյալ դեպքում Սուրեն Առուստամյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջի Like-երի քանակը:










