Արդեն շուրջ 2000 տարի է, որ իմ հոգու երկիրը՝ Իսպանիան, կապ ունի Հայաստանի հետ. Խուլիո Իգլեսիաս
Հայաստան ոտք դնելով աշխարհահռչակ երգիչ Խուլիո Իգլեսիասը առաջին տպավորությունը, որ ստացել է, այն է, որ հայերը շատ հաճելի մարդիկ են: Մոսկվայից Հայաստան եկած Խուլիո Իգլեսիասին զգուշացրել են, որ Հայաստանը տաք երկիր է, բայց այստեղ արտիստը հասկացել է, որ դա ոչ թե բնակլիմայական պայմաններին է վերբերում, այլ երկրի ու մարդկանց ջերմությանը:
Այս մասին այսօր հայ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց աշխարհահռչակ երգիչը՝ ավելացնելով, որ երբեք համերգներով հանդես չի գալիս երկրներում, որոնք իր համար տհաճ են:
«Սա իմ առաջին այցն է Հայաստան, բայց այցը չէ, որ պետք է ինձ ստիպի ճանաչել Հայաստանը: Արդեն շուրջ 2000 տարի է, որ իմ հոգու երկիրը` Իսպանիան, մեծ կապ ունի Հայաստանի հետ: Մեր լեզուները մեծ նմանություն ունեն»,- ասաց աշխարհահռչակ երգիչը, ով ապրիլի 18-ին Երևանում հանդես է գալու մենահամերգով։
70-ամյա իսպանացի աշխարհահռչակ երգչի հայաստանյան համերգը կկայանա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Համերգի կազմակերպիչներն են ամերիկյան Global art և հայկական «Ինվիտրո փրոդաքշն» ընկերությունները:
«Ես մեծ սիրով եմ պատրաստվում երգել այստեղ: Սա է պատճառը, որ այսօր Երևանում եմ: Ինձ երկար տարիներ չի մնացել ապրելու և երջանիկ եմ, որ գտնվում եմ այստեղ` ճանաչելու հայ ընկերներիս երկիրը»,- ասաց իսպանացի երգիչը , ով մեծ ջերմությամբ խոսեց աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի մասին, ում անվանեց իր ավագ եղբայրն ու արձանագրեց, որ նրա հետ կյանքում 30-40-50 անգամ երգել է:
Հայաստան գալուց առաջ նա հետաքրքրվել է, թե հայերը ի՞նչ երաժշտություն և ո՞ր կոմպոզիտորներին են սիրում, և երևանյան համերգին կկատարի այն երգը, որը սիրելի է հայերի համար: Իսկ նրա երևանյան համերգին կհնչեն երգչի հայտնի բոլոր երգերը:
Կյանքի իր ամենամեծ կորուստը արտիստը համարում է ժամանակը, իսկ ամենամեծ ձեռքբերումը՝ ժամանակին մահանալը։ «Մարդիկ մտածում են, որ մենք մեծ երազողներ ենք»,- ահա այս է Խուլիո Իգլեսիասի կյանքի բանաձևը։










