Հայկական ջազի փառքի պուրակում հայտնվել է Առնո Բաբաջանյանի աստղը
Երևանում՝ Հայկական ջազի փառքի պուրակում, այսօր բացվել է անվանի խորհրդային կոմպոզիտոր և դաշնակահար Առնո Բաբաջանյանի աստղը, հայտնում է Культура հեռուստաալիքը:
Աստղի բացումը կատարել են ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Չնայած անձրևին ու քամուն՝ միջոցառմանը ներկա են եղել Բաբաջանյանի արվեստի տասնյակ սիրահարներ:
«Այսօր Առնոն մեզ հետ չէ, սակայն կենդանի է նրա երաժշտությունը, այդ տիեզերական մարդու լուսավոր կերպարանքը»,- ասել է Երևանի ավագանու անդամ, ճարտարապետ Լևոն Իգիթյանը։
Աղբյուրը հուշում է, որ 2002թ.-ին Երևանում տեղադրվել է Բաբաջանյանի արձանը (հեղ.՝ Դավիթ Բեջանյան), որ Երևանում Բաբաջանյանի անունով է կոչված հայկական ֆիլհարմոնիայի փոքր դահլիճը, ինչպես նաև՝ երաժշտական դպրոց, փողոց և օդանավերից մեկը:
Հայկական ջազի փառքի պուրակը ստեղծվել է 2012-ի դեկտեմբերի 23-ին՝ Արտեմի Այվազյանի և Կոնստանտին Օրբելյանի աստղերով:










