Այսօր հայտնի կդառնան HIPA ֆոտոմրցանակաբաշխության մրցանակակիրները

13:49 • 18.03.13

Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) ֆինանսական մայրաքաղաք Դուբայում այսօր կհայտարարվեն լուսանկարչության ոլորտում Hamdan International Photography Award (HIPA) միջազգային մրցանակաբաշխության հաղթողները, հայտնում է РИА Новости-ն։

 

Մրցանակաբաշխությունն ունի ամենախոշոր մրցանակային ֆոնդն աշխարհում՝ գրեթե 400 հազար դոլար, և անցկացվում է Դուբայի արքայազն Համդան բին Մուհամեդ բին Ռաշեդ ալ Մակտումի հովանու ներքո։

 

HIPA-ի արդեն 2-րդ տարին անցկացվող մրցույթին այս տարի մասնակցել է ավելի քան 19 հազար մասնակից՝ աշխարհի 121 երկրից։ Մրցույթի ժյուրին ծանոթացել է ավելի քան 25 հազար աշխատանքների հետ, որոնք ներկայացված են 4 անվանակարգերում՝ «Լույսի գեղեցկություն», «Սև ու սպիտակ», «Էմիրատներ», «Ընդհանուր»։

 

Պարգևատրման հանդիսավոր արարողության ժամանակ ժյուրին կհայտարարի բոլոր 4 անվանակարգերի հաղթողներին, ինչպես նաև մրցանակաբաշխության Գրան պրիի հաղթողին, որը կհաղթի այս տարվա գլխավոր անվանակարգում՝ «Լույսի գեղեցկություն», և կազմակերպիչներից կստանա 120 հազար դոլար մրցանակ։

 

HIPA-ի գլխավոր քարտուղար Սոհար ազ Զարիի խոսքով՝ ամենաակտիվ մասնակցությունը ցուցաբերել են Հնդկաստանի, ԱՄԷ-ի, Իրանի, Ֆիլիպինների և Չինաստանի պրոֆեսիոնալ և սիրողական լուսանկարիչները։

 

«Մենք զարմացած ենք, որ մասնակցության հայտ են ներկայացրել ինչպես 20-ամյա լուսանկարիչները, այնպես էլ 70-անց մարդիկ։ Մենք ուրախ ենք, քանի որ մեր նպատակն այս մրցանակաբաշխությունն աշխարհում ամենախոշորն ու ամենահայտնին դարձնելն է, իսկ Դուբայը՝ լուսանկարչական արվեստի համաշխարհային կենտրոն»,- ասել է ազ Զարին։