Google Glass-ն «անմեղ» ակնոց չէ. դրանք աշխարհը կլցնեն Google-ի լրտեսներով. Daily Mail
Ամերիկյան Google ընկերությունն արդեն ամիսներ շարունակ ամբողջ աշխարհը պահում է հաճելի հուզմունքի և մեծ «հրաշքի» սպասման մեջ՝ հայտարարելով, որ մինչև տարեվերջ պատրաստվում է թողարկել Google Glass անվանումը ստացած ֆուտուրիստիկ ակնոցները։ Daily Mail-ի բնորոշմամբ՝ այն «փոքր չափերի, կրելի համակարգիչ է և իրականում ահռելի քայլ, որը մարդկությանն է՛լ ավելի կկապի համացանցին»։
«Թեև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում առաջատար ընկերությունների աշխատանքը եռում է՝ Apple-ը, Samsung-ը փորձում են ստեղծել «խելացի» ժամացույցներ, Google-ն իր հերթին ներկայացնում է խոսող մարզակոշիկներ, այդուհանդերձ, այս նորարարական սարքերից և ոչ մեկը չի կարող «ոտք մեկնել» Google Glass-ի հետ, որոնք կարող են տեսանյութ նկարահանել, որոնում իրականացնել համացանցում, էլեկտրոնային նամակ ուղարկել»,- գրում է հոդվածագիր Քլեր Էլիքոթը։
Ակնոցները համալրված են փոքր տեսախցիկներով ու վեբ դիտարկչով, որը թվային էկրանի վրա է ցուցադրում ամբողջ տեղեկությունը։ Google Glass-ն ունի բոլոր գործառույթները, որոնք բնորոշ են ժամանակակից սմարթֆոններին, և ի տարբերություն դրանց, ֆուտուրիստիկ ակնոցները պետք չէ անընդհատ հանել-դնել գրպանը կամ պայուսակը։
Հաղորդագրություններն ու էլեկտրոնային նամակները կարող են ուղարկվել օգտատիրոջ ձայնային հրահանգով։ Դրանից հետո ակնոցի էկրանի վրա հայտնվում է հնչեցրած հրահանգը, որպեսզի օգտատերը վստահ լինի, որ Glass-ը ճիշտ է հասկացել իրեն ներկայացված առաջադրանքը։ Իսկ մեքենա վարելու ընթացքում ներկառուցված GPS համակարգը կուղղորդի օգտատիրոջը ճիշտ ճանապարհով՝ օգտագործելով Google Maps քարտեզային ծառայությունը։ Իսկ ակնոցներին հարց ուղղելու դեպքում պատասխանը կհայտնվի անմիջապես էկրանի վրա։
Սակայն սպասվելիք ակնոցների բոլոր անհավանական առավելությունների շարքում ամենակասկածելին լուսանկարելու, տեսանկարահանելու և այդ ամենն անմիջապես համացանցում ներբեռնելու «վտանգավոր» հնարավորությունն է։ Այս պարագայում ամեն ինչ է՛լ ավելի է բարդացնում այն հանգամանքը, որ Google Glass-ը չունի տեղեկությունների պահպանման հնարավորություն, ինչի հետևանքով ողջ տեղեկությունն անմիջապես ուղարկվում և պահպանվում է Google-ի հսկայական տվյալների բազայում։
«Ոլորտի վերլուծաբանները, հաշվի առնելով այս բոլոր հանգամանքները, եզրակացնում են, որ «չարագույժ» Google Glass ակնոցները բոլոր շանսերն ունեն անարգել ներխուժել լիովին անծանոթ մարդկանց կյանք և, ձայնագրելով նրանց խոսակցությունը կամ լուսանկարելով ինչ-որ անձի հետ, կարևոր տեղեկություն ստանալ նրանց վերաբերյալ։ Այնուհետև այդ տեղեկությունը կպահպանվի «հուսալի ձեռքերում», և հարկ եղած դեպքում Google-ն ինքը կամ այլ ընկերություններ կարող են օգտագործել այդ տեղեկությունը տվյալ անձի դեմ»,-եզրափակում է պարբերականը՝ կանխատեսելով, որ 10 տարի անց աշխարհը լի կլինի ոչ թե Google Glass ակնոցները կրողներով, այլ Google-ի լրտեսներով։










