Կայացել է Lonely Planet երգի տեսահոլովակի պրեմիերան (տեսահոլովակ)
Այսօր կայացել է Lonely Planet երգի տեսահոլովակի պրեմիերան, որով Dorians-ը կներկայացնի Հայաստանը Շվեդիայում մայիսին կայանալիք «Եվրատեսիլ» երգի մրցույթին: Այս մասին հայտնում է Mediamax լրատվական գործակալությունը։
Lonely Planet-ի երաժշտության հեղինակը բրիտանացի լեգենդար ռոք-երաժիշտ, Black Sabbath խմբի կիթառահար Թոնի Այոմին է: Երգի բառերը գրել է Վարդան Զադոյանը:
Տեսահոլովակը հասանելի է Dorians-ի Youtube պաշտոնական էջում։ Վարդան Զադոյանը, ով հանդիսանում է Dorians-ի կրեատիվ պրոդյուսերը, հանդես է եկել նաև որպես տեսահոլովակի ռեժիսոր: Բեմադրող օպերատորը Սուրեն Թադևոսյանն է:
Mediamax-ը փոխանցում է նաև, որ Lonely Planet երգի վերջանական տարբերակի համադրումը և մաստերինգը իրականացվել է Լոնդոնում ձայնային ինժեներներ Մայք Էքզեթերի (Mike Exeter) և Օսթին Քիլբուրնի (Austen Kilburn) կողմից:
Հիշեցնենք, որ մարտի 2-ին կայացած հեռուստատեսային sms-քվեարկության և ժյուրիի (50/50 համամասնությամբ) ընտրության միջոցով հայտնի դարձավ, որ ներկայացված 4 երգերից՝ Lying, Toy Planet, No time Lonely Planet հենց վերջինը կներկայացվի «Եվրատեսիլ 2013»-ի ժամանակ։
Նշենք նաև, որ «Եվրատեսիլ 2013»-ում Հայաստանը հենց Գոռ Սուջյանի միջոցով ներկայացնելու որոշումը հայտնի դարձավ այս տարվա հունվարի 22-ին։ Մեկնաբանելով կայացված որոշումը՝ «Եվրատեսիլ»-ի հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը Tert.am-ի հետ զրույցում ասել էր. ««Նա մեր լավագույն արական սեռի ձայներից մեկն է, և այն լավագույններից է, որը կարող է ուժերը փորձել «Եվրատեսիլում»։ Վերջին տարիների ընթացքում մեզ մոտ կանայք են եղել, հիմա արդեն ժամանակն է, որ արական սեռի ներկայացուցիչ ուղարկենք»։










