Այլևս ոչ մի գաղտնաբառ. սմարթֆոնները շուտով հնարավոր կլինի ապակոդավորել հայացքի և մատնահետքերի միջոցով
Առօրյայում մարդիկ ստիպված են լինում անասելի քանակությամբ տարբեր գաղտնաբառեր հիշել` սմարթֆոններից, համակարգիչներից, առցանց շոփինգից կամ բանկային ծառայություններից օգտվելու համար։ Սակայն, ինչպես նշում է Daily Mail-ը, այս գլխացավանքից շուտով հնարավոր կլինի ազատվել։
Պարբերականի ունեցած տվյալների համաձայն՝ ամերիկյան հեղինակավոր Apple ընկերությունը ներկայում փորձում է սմարթֆոնների համար այնպիսի մեխանիզմ ստեղծել, որը թույլ կտար հրաժարվել գաղտնաբառերի կիրառումից և սարքի ապակոդավորումն իրականացնել հայացքի, ձայնի և մատնահետքի միջոցով։
Daily Mail-ը նշում է, որ ընկերության նոր թողարկվելիք iPhone-ը համալրված կլինի էկրանը մատնահետքի օգնությամբ ապակոդավորելու գործառույթով։ Ոլորտի մասնագետները գտնում են, որ սովորական գաղտնաբառերի օգտագործումն արդեն հնացած պաշտպանական մեթոդ է։
Apple-ի ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանել այս տեղեկությունը։










