Մեծ Բրիտանիայում հանրությանն է ներկայացվել Ռեմբրանդտի ինքնադիմանկարը

09:38 • 19.03.13

Մեծ Բրիտանիայում մեծ հայտնագործություն է կատարվել՝ Ռեմբրանդտի դիմանկարը, որն ի սկզբանե բոլորը համարում էին նրա աշակերտներից մեկի աշխատանքը, պարզվել է՝ պատկանում է անձամբ վարպետի վրձնին, հայտնում է buro247.ru-ն՝ վկայակոչելով The Guardian-ին։

 

1635թ.-ին նկարված ինքնադիմանկարը, որը Ռեմբրանդտը նկարել է 29 տարեկան հասակում, վերջին տարիներին պահվում էր Բակլենդ Էբբի կալվածքում, որն այժմ Ազգային հիմնադրամի սեփականությունն է։

 

1968թ. մշակութաբանների խումբը Հորստ Հերսոնի գլխավորությամբ հայտարարել էր, թե նկարը պատկանում է նրա աշակերտներից մեկի վրձնին։ Սակայն այժմ Ռեմբրանդտի ստեղծագործության գծով համաշխարհային առաջատար փորձագետ Էռնստ վան դե Վետերինգը ռենտգենյան ճառագայթների և գունանյութերի օգնությամբ հակառակն է ապացուցել։

 

Այս կտավը Ռեմբրանդտի միակ գլուխգործոցն է Ազգային հիմնադրամի հավաքածուում, որում կա 13.5 հազար նկար, և այն գնահատվում է 20 մլն ֆունտ ստեռլինգ (մոտ 30 մլն դոլար)։ Սակայն կտավի սեփականատերերը հայտնում են, որ այն երբեք չեն վաճառի։ Դեռևս այն կցուցադրվի Բակլենդ Էբբում՝ հասանելի լինելով հանրության համար ութ ամիս, որից հետո կփոխանցվի մասնագետներին՝ մշակման և ապագա հետազոտությունների համար։