Զուգարանակոնքերի ստեղծողը կաշխատի Renault-ի «դիզայներական նոր լեզվի» ստեղծման ուղղությամբ

13:48 • 19.03.13

Հրավիրել հայտնի, սակայն նախկինում մեքենաների հետ չաշխատած դիզայներների՝ սովորական երևույթ է դարձել ավտոարտադրողների համար։ Առավել հաճախ հրավիրված հյուրերն աշխատում են ինտերիերի հետ, իսկ ահա Renault ընկերությունը ժամացույցների և կահույքի ստեղծողին վստահել է գրեթե մի ամբողջ կոնցեպտային մեքենայի մշակում, հայտնում է auto.vesti.ru-ն։

 

Բրիտանացի Ռոս Լավգրոուվը հայտնի է արտադրական և ճարտարապետական դիզայնի ոլորտում իր առանձնահատուկ աշխատանքներով։ Նա մշակել է ամենատարբեր իրեր՝ ձեռքի ժամացույցներից և օծանելիքի շշերից մինչև կահույք և սանհանգույցի պարագաներ։

 

Renault-ի ներկայացուցիչները վստահեցնում են, որ Լավգրոուվի դիզայներական ստուդիայի հետ համագործակցությունը կօգնի ստեղծել ապրանքանիշի նոր «դիզայներական լեզուն»։

 

Բրիտանացի դիզայների հայտնի լինելը կապված է նրա յուրահատուկ ոճի հետ. նա լայնորեն կիրառում է կենդանի բնության մոտիվներ՝ գործարկելով պարզությունն ու մինիմալիզմը։ Բացի այդ, նա ընդգծված ուշադիր է վերաբերվում շրջակա միջավայրին։

 

Ըստ Renault-ի՝ հենց այդ արժեքներն էլ կմարմնավորվեն նոր կոնցեպտի արտաքին տեսքում։ Նորույթը նախատեսվում է ներկայացնել ապրիլի 8-ին Միլանի Տրիենալեում, որն Իտալիայի դիզայնի թանգարանի մի մասն է։

 

Զուգարանակոնքերի ստեղծողը կաշխատի Renault-ի «դիզայներական նոր լեզվի» ստեղծման ուղղությամբ