Հայազգի ռեժիսոր Թալին Ավագյանի «Demi Pointe» ֆիլմը կցուցադրվի հեղինակավոր Բոստոնի միջազգային կինոփառատոնում

12:56 • 19.03.13

Հայազգի երիտասարդ ռեժիսոր Թալին Ավագյանի նկարահանած «Demi Pointe» կարճամետրաժ ֆիլմը կցուցադրվի Բոստոնի միջազգային կինոփառատոնի (BIFF) շրջանակներում, որը կանցկացվի ապրիլի 12-21-ը։ Այս մասին տեղեկացնում է The Armenian Weekly-ն։

 

Բոստոնի միջազգային կինոփառատոնը համարվում է Միացյալ Նահանգների խոշորագույն նմանատիպ միջոցառումներից մեկը։ Պարբերականը նշում է, որ այս տարի «Demi Pointe» ֆիլմն ընտրվել է ներկայացած 2.600 ֆիլմերի շարքից։

 

«Demi Pointe»-ը (գլխավոր դերերում՝ Սիդնի Փենի, Ռեյչել Սքոթ, Ռոբին Էն Ռապոպոտ, Էմի Ֆրիդման)  պատմում է փոքրիկ աղջկա՝ Սիդնիի մասին, ով պայքարում է խոսել սովորելու համար։ Նա խնդիրներ ունի բանավոր խոսքի հետ, ինչը վերացնելու նպատակով այցելում է մասնագետի մոտ։

Մասնագետի ճիշտ մոտեցման շնորհիվ Սիդնին մեծ առաջընթաց է ունենում և իր ու մյուսների համար անսպասելիորեն բացահայտում մեծ սեր բալետի նկատմամբ։ Արդյունքում հենց բալետն էլ դառնում է աղջկա ինքնարտահայտման և հաղորդակցվելու այլընտրանքային միջոցը։