ԱՄՆ-ում 23 տարի անց բացահայտվել է կտավների խոշորագույն գողությունը

11:19 • 19.03.13

ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) բացահայտել է հայտնի նկարիչների 13 կտավների գողությունը, որը կատարվել էր 1990թ. Բոստոնի Իզաբելլա Ստյուարտ Գարդների թանգարանից։ Նրանց արժեքը գնահատվում է կես միլիարդ դոլար, հայտնում է Вести-ն։

 

Գերատեսչության տվյալներով՝ Հյուսիսային Ամերիկայի պատմության մեջ նկարների խոշորագույն գողությունն իրականացվել է մի խմբավորման կողմից, որը գործում է Նոր Անգլիայում և ԱՄՆ-ի որոշ նահանգներում։ Գողերի անունները դեռևս գաղտնի են պահվում։ Հատուկ գործակալները չեն բացառում, որ այժմ կտավները գտնվում են հավաքորդների մոտ, ովքեր ոչ մի կերպ կապված չեն գողության հետ։

 

1990թ. մարտի 18-ին ոստիկանների հանդերձանքով երկու հանցագործ ներխուժել էին թանգարան, և, կապելով անվտանգության աշխատակիցներին, գողացել նկարները։ Այդ ամենի համար նրանցից պահանջվել էր 81 րոպե։


Գողացված կտավների թվում են Ռեմբրանդտի 3, Էդգար Դեգայի 5, Էդուարդ Մանեի 1 և Յան Վերմերի «Համերգ» կտավը։


Հանցագործների մասին տեղեկություն տրամադրելու համար ԱՄՆ-ի իշխանություններն առաջարկել էին 5 մլն դոլար։