Էլթոն Ջոնը ռեժիսոր է ընտրել իր կենսագրական ֆիլմի համար

17:40 • 20.03.13

Բրիտանացի հանրահայտ երգիչ Էլթոն Ջոնի կենսագրական ֆիլմը կնկարահանի ռեժիսոր Մայքլ Գրեյսին, հայտնում է Лента-ն՝ վկայակոչելով SlashFilm կայքին։

 

Ֆիլմը կկոչվի «Rocketman» («Մարդ-հրթիռ»)՝ հավանաբար 1972թ. ապրիլին Էլթոն Ջոնի թողարկած համանուն երգի պատվին։ Սցենարը կգրի Լի Հոլը։

 

Երաժիշտն ասել է, որ կցանկանար ֆիլմը «սյուրռեալիստական» լիներ։ «Rocketman»-ում կլինեն պարային համարներ՝ հիմնված Էլթոն Ջոնի երգերի վրա։


Դերասանը դեռ ընտրված չէ։ Անձամբ երգիչն ավելի վաղ նշել էր, որ ամենահարմար թեկնածուն, իր կարծիքով, երգիչ Ջասթին Թիմբերլեյքն է։


Էլթոն Ջոնի կենսագրությունը կդառնա Մայքլ Գրեյսիի առաջին լիամետրաժ աշխատանքը։ Նախկինում ռեժիսորը զբաղվել է հիմնականում գովազդային հոլովակների նկարահանմամբ։