Միչիգանում ցուցադրվել է «Ցեղասպանության որբերը» փաստագրական ֆիլմը
ԱՄՆ Միչիգանի նահանգի Նովի քաղաքի միջնակարգ դպրոցներից մեկում (Novi Middle School) ցուցադրվել է ամերիկաբնակ կինոռեժիսոր Բարեդ Մարոնյանի «Ցեղասպանության որբերը» փաստագրական ֆիլմը:
Ինչպես տեղեկանում ենք անգլալեզու Armenianweekly.com կայքից, Հայոց ցեղասպանության հետևանքով որբացած հայ երեխաների մասին պատմող ֆիլմի ցուցադրությունը կազմակերպել է ՀՅԴ «Ազատամարտ» կոմիտեի Դեթրոյթի մասնաճյուղը: Ցուցադրության առնչությամբ հրավիրված միջոցառման ժամանակ նախ ելույթ է ունեցել ֆիլմի ռեժիսորը, ներկայացրել փաստագրականի ստեղծման պատմությունը, կատարված ուսումնասիրություններն ու աշխատանքը: Ռեժիսորը նշել է, որ ֆիլմը ստեղծելիս օգտվել է նաև ամերիկյան ու եվրոպական արխիվներից՝ հավելելով, որ Հայոց ցեղասպանությանն առնչվող որոշ փաստեր առաջին անգամ հենց իր փաստագրականի միջոցով են շրջանառության մեջ դրվել:
«Նյութի ծավալն այնքան մեծ էր, որ մենք կարողացանք ֆիլմում ներառել դրա մի մասը միայն: Թեմայի հետ կապված լրացուցիչ տեղեկություն տրամադրելու համար մենք նաև համանուն գիրք է հրատարակել»,-ամերիկացի ու հայ հանդիսատեսին հայտնել է ռեժիսորը:
«Ցեղասպանության որբերը» ապրիլի 18-ին կցուցադրվի նաև Միչիգանի «PVPT Channel 18» հեռուստալիքով:
Ֆիլմի կարճամետրաժ տարբերակի (18 րոպե) շնորհանդեսը տեղի ունեցավ 2010թ. ապրիլի 24–ին՝ ԱՄՆ–ում (լիամետրաժ տարբերակի շնորհանդեսը (1 ժամ տևողությամբ) դեռևս չի կայացել -Tert.am)։ Ֆիլմը պատմում է Այնթուրայի որբանոցի (Այնթուրա՝ բնակավայր Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի մերձակայքում) մասին ու նվիրված է Հայոց ցեղասպանությունից հետո որբացած 150.000 հայ երեխաներին:
Ֆիլմը ներառում է հարցազրույց լիբանանահայ Միսակ Քելեշյանի (զբաղվում է Հայոց ցեղասպանության փաստերի հավաքագրմամբ ու ուսումնասիրմամբ) հետ, որը ներկայացնում է Մեծ եղեռնից հետո Անթուրայում երիտթուրքերի ստեղծած պետական որբանոցում հայ երեխաների թրքացման քաղաքականությանն առնչվող փաստեր: 2000-ականների առաջին կեսին հենց Քելեշյանն էր, որ հայտանբերեց հայ որբերի շիրիմներ Անթուրայի գերեզմանոցներից մեկում: Այնթուրայի որբանոցը ղեկավարել է Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկը՝ Ջեմալ փաշան (1872-1922), որի հրամանով հայ երեխաներն անվանափոխվել են, իսլամ ընդունել, դաժանորեն ծեծի ենթարկվել՝ հայերեն խոսելու համար:
Ֆիլմում ներկայացված են նաև որբերի հիշողությունները։










