Եգիպտոսում Արամ Խաչատրյանի 110-ամյակին նվիրված միջոցառում է տեղի ունեցել
Եգիպտոսի «Նուբարյան» վարժարանում (գտնվում է մայրաքաղաք Կահիրեում, կրում է 19-րդ դ. եգիպտահայ նշանավոր քաղաքական գործիչ Նուբար Փաշայի անունը-Tert.am) հայ անվանի կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի (1903-1978թթ.) ծննդյան 110-ամյակին նվիրված միջոցառում է տեղի ունեցել:
Ինչպես հաղորդում է անգլալեզու Ahram.org.eg կայքը (Եգիպտոս), միջոցառմանը ելույթ է ունեցել Կահիրեի ազգային առաջնորդարանի «Արաքս» երգչախումբը (ստեղծվել է 2003թ.), ցուցադրվել է փաստագրկան ֆիլմ Արամ Խաչատրյանի կյանքի ու գործունեության մասին:
Համերգը բաղկացած է եղել մի քանի մասից. երգչախումբը նախ կատարել է հատվածներ մեծանուն երաժշտի ստեղծագործություններից, ապա հանդիսատեսին են ներկայացվել Խաչատրյանի երաժշտության և «Արաքս» երգչախմբի գեղարվեստական ղեկավար Միհրան Ղազեյանի բառերի հիման վրա գրված ստեղծագործությունները:
Երեկոյի ընթացքում ելույթ են ունեցել նաև հայկական պարային համույթները: «Երեկոյի ընթացքում Արամ Խաչատրյանի միջոցով ներկայացվեց հայկական մշակույթի տարբեր կողմերը: Այս միջոցառումը վկայում է այն մասին, որ եգիպտահայերն (Եգիպտոսում մոտ 6 000 հայ կա-Tert.am) ունեն մշակութային ուժեղ գիտակցություն, հաստատակամ են իրենց մշակութային ժառանգությունն ու հարստությունը պահպանելու և սերնդեսերունդ փոխանցելու հարցում»,-գրում է Ahram.org.eg-ը:










