Ժամանակակից հայ գրողների ճանաչելիության խնդիրը լուծեց ինտերնետը. գրականագետ
Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը, պոեզիայի համաշխարհային օրվա առթիվ այսօր հրավիրված մամուլի ասուլիսին ներկայացնելով արդի հայ պոեզիայի բացթողումներն ու անելիքները, ասաց, որ ներկայում ժամանակակից հայ գրողների ճանաչելիության խնդիրը լուծում են ինտերնետը և սոցիալական ցանցերը, քանի որ շատ ժամանակակից գրողներ այդպես էլ չեն ներգրավվում դպրոցական կամ բուհական ծրագրերում։
«Մեր սխալ ծրագրերի շնորհիվ ստացվել է այնպես, որ որոշ գրողներ այդպես էլ չեն ներգրավվում համալսարանական ծրագրում։ Իսկ դպրոցներում ավելի ողբերգական վիճակ է, քանի որ ուսուցիչների մեծ մասը համալսարան ավարտելուց հետո գիրք չի կարդում, և այն քարոզչությունը, որը պետք է անեն, չի արվում»,– ասաց նա։
Գրականագետի կարծիքով՝ կենդանի գրական պրոցես է պետք կիրառել։ «Հիմա խուսափում են կենդանի գրողներին ներառել ծրագրում, քանի որ մենք սովորություն ունենք մարդու մահվանից հետո ասել, որ նա լավ գրող էր»,– նկատեց նա։
Ժամանակակից գրողներից բանախոսը նշեց իր սիրելի պոետներին՝ Հովհաննես Գրիգորյան, ով մեկ ամիս առաջ հեռացավ կյանքից, Հակոբ Մովսես, Հենրիկ Էդոյան, Ներսես Աթաբեկյան, Աննա Դավթյանը, Աշոտ Գաբրիելյան, Մարինե Պետրոսյանը, Տիգրան Պասկևիչյան և այլոք։
«Նրանց ստեղծագործությունները մեր ժամանակներն են արտահայտում, և որ այսօր իսկապես ստեղծվում է ժամանակակից գրականություն, դա փաստ է»,–ասաց երիտասարդ գրականագետը՝ հավելելով, որ ժամանակակից գրականությունը չի կարող այլևս խաբել։
Խոսելով ժամանակակից հայ գրականության որակի մասին՝ վերջինս հարց ուղղեց լսարանին. «Ո՞վ ասաց, որ հիմա մեր բանաստեղծությունները ցենզուրայից դուրս են, ուղղակի ընկալման մակարդակն է տարբեր»։ Միևնույն ժամանակ նա նշեց, որ այսօր հայհոյանքներով և վատ խոսքերով լի ստեղծագործությունները ավելի լայն լսարան ունեն, իսկ գրողները նման կերպ գրում են իրենց վարկանիշի համար։
Լուսանկարը՝ Gretert.com-ի










