Տրետչիկովի հանրահայտ «Կանաչ լեդի»-ն ռեկորդ է սահմանել՝ վաճառվելով 1,5 մլն դոլարով
Աշխարհում ամենաշատ կրկնօրինակված կտավներից մեկը՝ Վլադիմիր Տրետչիկովի «Չինուհի»-ն («Chinese Girl»), որը նաև հայտնի է «Կանաչ լեդի» («Green Lady») անվանումով, Լոնդոնում կայացած աճուրդի շրջանակներում վաճառվել է 1,5 մլն դոլարով, հայտնում է The Guardian-ը՝ ընդգծելով, որ սա ռեկորդային գին է Տրետչիկովի աշխատանքների համար։
Միևնույն ժամանակ պարբերականը նշում է, որ աճուրդի կազմակերպիչները կրկնակի քիչ գումար են ակնկալել ստանալ կտավի վաճառքից։ Պարզվել է, որ կտավի գնորդն է աշխարհահռչակ բրիտանացի ոսկերիչ, Graff Diamond ոսկերչական տան հիմնադիր Լոուրենս Գրաֆը։
Թեև «Կանաչ լեդի»-ն համարվում է աշխարհի ամենաճանաչված կտավներից մեկը, այդուհանդերձ, դա չի խանգարել, որ այն բազմիցս քննադատությունների և բացասական արձագանքների արժանանա։ Վառ օրինակ է 1974թ. BBC-ի մշակութային վերլուծաբան Ուիլյամ Ֆիվերի այն հայտարարությունը, թե «Կանաչ լեդի»-ն «20-րդ դարի ամենատհաճ, ձանձրալի և խճճված կտավն է»։
Ինչպես նշում է The Guardian-ը, Տրետչիկովը Պիկասոյից հետո համարվում է աշխարհի ամենահարուստ նկարիչը։










