Հայազգի Վան Գոգը. La Cañada Valley Sun-ն անդրադարձել է ամերիկահայ գեղանկարիչ Արթուր Փինաջյանին

10:53 • 21.03.13

ԱՄՆ Բերբանկ քաղաքում (Կալիֆոռնիայի նահանգ), Արևմտյան Թեմի Առաջնորդարանի Զորայան թանգարանում մայիսի 1-ին կբացվի ամերիկահայ գեղանկարիչ  Արթուր Փինաջյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը: Մշակութային այս միջոցառման առնչությամբ ուշագրավ հոդված է հրապարակել ամերկյան La Cañada Valley Sun շաբաթերթը՝ Փինաջյանին համեմատելով աշխարհահռչակ գեղանկարիչ Վան Գոգի հետ:

 

 

«Տասնամյակներ շարունակ նկարիչ Արթուր Փինաջյանը ստեղծել է վառ, աբստրակտ ոճի կտավներ, չհրապարակելով իր անունը, նկարել է աբստրակտ իմպրեսիոնիզմի ոճով հազարավոր բնապատկերներ և գծանկարներ: Նա ստեղծագործել է Նյու Յորքի Բելփորթ գյուղի փոքրիկ մի տնակում, որը պատկանել է նրա քրոջը՝ Արմենին. հենց այստեղ է Փինաջյանը մինչև մահը՝ 1999թ., ստեղծել ու պահել իր հսկայական հավաքածուն»,- ասված է հոդվածում:

 

Հոդվածագիր Սառա Քարդինն այնուհետ Փինաջյանին համեմատում է գեղանկարչության մեջ իմպրեսիոնիզմի ամենախոշոր ներկայացուցիչներից մեկի՝ հոլանդացի Վինսենտ վան Գոգի հետ, որի արվեստը ևս ժամանակին չի գնահատվել. նկարչի գործերը համաշխարհային ճանաչման էին արժանացել մահից մի քանի տասնյակ տարի անց միայն:

 


«Ինչպես որ Վինսենտ վան Գոգը, ամերիկահայ գրողը, որ նկարչի կարիերան սկսել է որպես ինքնուսույց ծաղրանկարիչ, նույնպես կենդանության օրոք մեծ ճանաչման չարժանացավ, գումարներ չվաստակեց: Միայն 2006թ. էր, որ բիզնես գործընկերներ Թոմաս Շուլցն ու Լորենս Ջոզեֆը, որպես անշարժ գույք, գնեցին նկարչի տունը, որում և հայտնաբերեցին հազարավոր նկարներ, գծանկարներ, նկարչական ալբոմների վրա արված նկարներ. այդպիսով լույս սփռվեց նրա տաղանդի վրա»,-նշում է  Քարդինը:

 

Փինաջյանն իր ողջ կյանքն ապրել է քրոջ հետ՝ նրա տանը: Կենդանության օրոք նկարիչը քրոջը պատգամել էր իր մահից հետո դեն նետել բոլոր գործերը, քույրը չէր համարձակվել...: Քրոջ մահից հետո (2005թ.) նկարչի հարազատները որոշել էին տունը վաճառել… Երջանիկ գնորդներ Թոմաս Շուլցն ու Լորենս Ջոզեֆը տան համար վճարելով 300 հազ. դոլար՝ միլոնավոր դոլարներ գտան տան ձեղնահարկում ու ավտոտնակում՝ Փինաջյանի՝ 3000-ից ավելի ստեղծագործությունները:

 

 

«Ավտոտնակի հատակն ամբողջությամբ պատված էր փոշով, գոնե ես այդպես եմ կարծում: Բայց չէի կարող հստակ տարբերել, քանի որ ավտոտնակի մեծ մասը «թաղված էր» նկարների մեջ: Դրանց թիվը մի քանի հազար կլիներ: Առնվազն հազար գործ էլ գտանք ձեղնահարկում»,-Շուլցի հուշերն է մեջբերում հոդվածագիրը («Փինաջյանը. Աբստրակցիոնիզմի վարպետը» բացահայտվեց» գրքից (2010թ.) հեղինակը հենց Լորենս Ջոզեֆն է):

 

Փինաջյանի գործերն այսօր արդեն հիացնում են միլիոնավոր մարդկանց. նրա ստեղծագործությունները ներկայացված են Միացյալ Նահանագների տարբեր ցուցահանդեսներում (աշխատանքների գինը տատանվում է մի քանի հազ. դոլարից մինչև մի քանի հարյուր հազ. դոլար), որոշ աշխատանքներ վաճառվել են 500 հազ. դոլարով: Իսկ օրեր առաջ հայտնի դարձավ,  թե որքան է ավտոտնակում և ձեղնահարկում հայտնաբերված գտածոյի ընդհանուր արժեքը՝ 30 միլիոն ամերիկյան դոլար (Փինաջյանի ժառանգությունը գնահատել է ամերիկացի հայտնի արվեստաբան Փիթեր Հասթինգս Ֆոլքը):



Փինաջյանի ժառանգությունը պահպանելու և ժողովրդկանացանելու  հարցում մեծ ավանդ ունի «Stephanies Art Gallery» թանգարանը (ԱՄՆ), որը վերջին 15 տարվա ընթացքում ղեկավարում են Լինդա և Սեփոն Ստեփանյանները: Վերջին տարիներին Փինաջյանի ստեղծագործությունների պաշտոնական վաճառքն ու ցուցադրությունն իրականացվում է հենց այդ թանգարանի միջոցով:

 

Այս տարվա ցուցահանդես-վաճառքը ևս նախաձեռնել է «Stephanies Art Gallery»-ն, Ստեփանյանները, սակայն, այս տարի  հանդիպման վայր են ընտրել հայկական եկեղեցին: «Ես մտածեցի, որ վատ չի լինի ցուցահանդեսն անցկացնել եկեղեցում, որին հենց պատկանել է ինքը՝ Փինաջյանը,- La Cañada Valley Sun-ի հետ զրույցում ասել է Սեփոն Ստեփանյանը և հավելել,-Մենք նույն արմատներն  ունենք, նույն ավանդույթները: Այնպես որ, ինձ պարտավորված եմ զգում ինչ-որ լավ բան անել հանուն այդ մարդու: Ես չեմ կարողացել դա անել նրա  կենդանության օրոք, բայց այժմ կարող եմ...»:

 

Ցուցահանդես-վաճառքում ներկայացված կլինեն մեծն նկարչի 50 -ից ավելի գործերը: