Չինաստանը դարձել է աշխարհում 2-րդ կինոշուկան

17:12 • 22.03.13

2012-ին ֆիլմերից ստացված հասույթով Չինաստանն առաջ է անցել Ճապոնիայից և դարձել աշխարհում երկրորդ կինոշուկան՝ զիջելով միայն ԱՄՆ-ին, հայտնում է Известия-ն՝ Կինոյի ամերիկյան ասոցիացիայի տվյալների հիման վրա:

 

2012-ին կինոհասույթը Չինաստանում աճել է միանգամից 36 տոկոսով՝ բերելով 2,7 մլրդ դոլար: Սա ամենախոշոր աճն է աշխարհի 10 խոշոր կինոշուկաների թվում: Ամբողջ աշխարհում նույն ցուցանիշն աճել է 6 տոկոսով՝ հասնելով 34,7 մլրդ-ի: ԱՄՆ-ի և Կանադայի շուկայում այդ աճը ևս 6 տոկոս է կազմել՝ բերելով 10,8 մլրդ-ի եկամուտ: Ռուսաստանը 9-րդն է՝ 1,2 մլրդ-ով:

 

Նախկինում նույն ասոցիացիան կանխատեսել էր, որ Չինաստանը երկրորդը կդառնա 2013-ին կամ 2014-ին: Սակայն Հոլիվուդը, նկատում է աղբյուրը, չի կարող ամբողջ ծավալով օգտվել այս աճից՝ Չինաստանում առկա սահմանափակումների պատճառով: