Դեպարդյոն Փարիզի իր դղյակը նվիրել է ռուս կինեմատոգրաֆիստներին

17:47 • 22.03.13

Ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյոն, ով հունվարին Ռուսաստանի քաղաքացիություն էր ստացել, որոշել է իր փարիզյան դղյակում ռուսական մշակութա-կինեմատոգրաֆիական կենտրոն բացել, տեղեկացնում է Lenta.ru-ն։

 

Այդ մասին այսօր պատմել է Մոսկվայի քաղաքային դումայի մշակութային հարցերի հանձնաժողովի նախագահ Եվգենի Գերասիմովը, ով ՌԴ կինեմատոգրաֆիստների միության նախագահության անդամ է։

 

Գերասիմովի խոսքով՝ Դեպարդյոն չի պատրաստվում բնակվել իր առանձնատանը, դրա համար էլ այն որոշել է տրամադրել կինեմատոգրաֆիստների հանրությանն ու դրա ճակատին ռուսական դրոշակ կախել։


Ենթադրվում է, որ առանձնատանը ռուս կինեմատոգրաֆիստները կկարողանան հանդիպումներ և կինոդիտումներ կազմակերպել։


Դեռևս, սակայն, հայտնի չէ, թե դրա բացվելուց հետո արդյոք շարքային հանդիսատեսը կկարողանա՞ այցելել այնտեղ։

 

Դեպարդյոյի առանձնատունը կառուցվել է 19-րդ դարում։ Դրա ընդհանուր մակերեսը 1.700 քմ է։ Այն ունի 20 սենյակ, որոնցից 10-ը ննջասենյակ է։