Մետրոպոլիտեն թանգարանն անցնում է 7-օրյա աշխատանքային գրաֆիկի
Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանը չեղյալ կհամարի երկուշաբթի հանգստյան օրը և կանցնի 7-օրյա աշխատանքային գրաֆիկի՝ սկսած 2013թ. հուլիսի 1-ից, հայտնում է Лента-ն՝ վկայակոչելով New York Daily News-ին։
Այդ օրվանից թանգարանը կբացվի առավոտյան ոչ թե ժամը 9։30-ից, այլ ժամը 10։00-ից։
Տնօրենի խոսքով՝ գրաֆիկի փոփոխությունը պայմանավորված է շաբաթվա բոլոր օրերին այցելուների համար հասանելի լինելու թանգարանի ցանկությամբ։
Մետրոպոլիտեն թանգարանն իր դռները կբացի երկուշաբթի օրերը 42 տարվա ընթացքում առաջին անգամ. 1971-ին այս օրը հանգստյան օր համարվեց՝ միջոցները խնայելու նպատակով։ Իսկ այժմ արդեն աշխարհի խոշորագույն թանգարաններից մեկը, ընդհակառակը, նախատեսում է նման կերպ վաստակել. վերջին տարիներին Նյու Յորքում ավելացել է զբոսաշրջիկների և ցուցադրությունը տեսնել ցանկացողների հոսքը։










