Մոսկվայի «Պյոտր Ֆոմենկոյի արվեստանոց» թատրոնում կանցկացվի հայկական մշակույթի երեկո

14:46 • 22.03.13

Մոսկվայի «Պյոտր Ֆոմենկոյի արվեստանոց» թատրոնում այսօր հայկական մշակույթի երեկոյի շրջանակում կկայանա կերպարվեստի ցուցահանդեսի բացում և դուդուկահարների համերգ, հայտնում է РИА Новости-ն։

 

Երեկոյի հյուրերը կկարողանան տեսնել նկարիչ Ավետիս Խաչատրյանի աշխատանքները և լսել հայկական երաժշտություն՝ Գևորգ Դաբաղյանի ղեկավարած անսամբլի կատարմամբ։

 

«Մի քանի տարի առաջ մենք Երևանում էինք Ռուսական մշակույթի օրերի շրջանակում։ Առաջին հանդիպումն այս երկրի հետ մեզ վրա վառ տպավորություն թողեց։ Մենք ծանոթացանք և սիրեցինք Հայաստանի մշակույթն ու ավանդույթները, ընկերացանք արվեստի ներկայացուցիչների հետ։ Այդ ժամանակ կայացավ մեր առաջին հանդիպումը երիտասարդ տաղանդավոր նկարիչ Խաչատրյանի հետ, ով առաջին քայլերն էր անում և երազում էր անհատական ցուցահանդեսի մասին»,- ասել է թատրոնի տնօրեն Անդրեյ Վորոբյովը։
 

Նա հույս է հայտնել, որ սա առաջին ու վերջին համատեղ նախագիծը չի լինի հայկական մշակույթի ներկայացուցիչների հետ։