Ծաղկազարդ. տոն, առևտուր, սուրբ պատարագ (լուսանկարներ, տեսանյութ)
Այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ծաղկազարդը, որը խորհրդանշում է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ: Տոնի առթիվ այսօր բոլոր առաքելական եկեղեցիներում մատուցվում է սուրբ պատարագ, և մարդիկ իրենց հետ բերում են ձիթենու և ուռենու ճյուղեր, որոնք եկեղեցում օրհնելուց հետո տանում են տուն:
Tert.am-ի տեսախցիկն այսօր հետևեց Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում մատուցվող պատարագին, եկեղեցու շուրջը ծավալված տոնական առևտրին, ինչպես նաև արձանագրեց տոնի մասին որոշ քաղաքացիների պատկերացումները:
Տոնը՝ տոն, բայց առևտուրը՝ առևտուր: Եկեղեցու բակում տոնի խորհրդանիշերի վաճառքով զբաղվող մի խումբ վաճառականների հետ զրույցում պարզ դարձավ, որ այս տարի իրենց առևտուրն էլ է քչացել: «Անցած տարվա համեմատ էս տարի քիչ են առնում, երևի մարդիկ են քիչ, կամ փող չունեն»,- մեզ հետ զրույցում ասաց Էջմիածնի շրջանի Արշալույս գյուղի բնակիչ, ազգությամբ եզդի Գյուլե Ավլոյանը, ով ամեն տարի գյուղից բերված ուռենու ճյուղերն ու պսակները վաճառում է Սուրբ Սարգիս եկեղեցու բակում:
Ամեն տարի օրվա վերջում տիկին Գյուլեն տուն է վերադարձել 15 000-20 000 դրամ վաստակով, բայց այս տարի օրվա առաջին կեսի դրությամբ դեռ այդքանի հույս չունի:
Վաճառողներից մի կին էլ բողոքում էր երկրի սոցիալական վիճակից՝ ասելով, որ մարդկանց չարչի են սարքում, ինչո՞ւ պետք է մարդիկ ճյուղեր պոկեն, որ հացի հարց լուծեն: Տիկինը չմոռացավ հիշել նաև իր ամենամեծ խնդիրը, որը մինչև հիմա լուծում չի ստացել: Վերջինիս խոսքով ինքը Դալմայի այգիների տարածքի բնակիչ էր, ինչի պատճառով չցանկացավ ներկայանալ:
Այդ ամենը, սակայն, չէր խանգարում, որ մարդկանց հոսքը դեպի եկեղեցի շարունակվի: Ոմանք հաճույքով էին բակից գնումներ անում, ոմանք բողոքում էին, որ 100 դրամից պակաս պսակ չկա, և վաճառողները գին են «կրակում» և այլն:
Մեզ հետ զրույցում մասնագիտությամբ մանկավարժ Գայանեն էլ ներկայացրեց տոնի խորհուրդը և մեր այն դիտարկմանը, որ եկեղեցու շուրջը ծավալված առևտուրը տոնը հաճախ բիզնեսի է վերածում, պատասխանեց. «Համարյա ավելի շատ բիզնեսի է վերածվում, սակայն ես այդ ամենին հոգևոր արժեք չեմ տալիս: Երևի, մարդիկ իրենց կենցաղային հոգսերն են հոգում»:
Նշենք, որ ձիթենու և ուռենու ճյուղերը խորհրդանշում են այն, որ Հիսուսի մուտքը Երուսաղեմ ժողովուրդն ընդունել է խանդավառությամբ` ձիթենու և ուռենու ճյուղերը, ինչպես նաև իրենց զգեստները փռելով ճանապարհի վրա և աղաղակելով. «Oվսաննա Բարձյալին, օրհնեալ լինի նա, ով գալիս է Տիրոջ անունով. օրհնեալ լինի մեր հոր` Դավթի թագավորությունը, որ գալիս է: Խաղաղություն երկնքում և Փառք բարձունքներում»:
Համաձայն եկեղեցու հայրերի ուսուցումների՝ Հիսուսի առջև հանդերձները նետելը խորհրդանշել է մեղքերի ծածկույթից ազատվելը, որպեսզի Տերը մաքրեր այդ մեղքերը:
Ոստեր և ճյուղեր ընծայելը խորհրդանշել է առանձնակի պատիվներ և հանդիսավորություն: Ձիթենին համարվել է իմաստության, խաղաղության, հաղթանակի և փառքի խորհրդանշան:
Ձիթենու և արմավենու ճյուղերի ընծայումը Քրիստոսին, որը մեռյալ Ղազարոսին հարություն տվեց, խորհրդանշում է մահվան հանդեպ հաղթանակը: Ուռենու ոստերը, որոնք անպտուղ են, խորհրդանշում են հեթանոսներին, որոնք անպտուղ էին և պտղաբերեցին միայն Քրիստոսին ընծայվելուց հետո: Ոստերի փափկությունը դարձյալ խորհրդանշում է Քրիստոսին հետևողների խոնարհությունը: Ուռենու ճյուղերը մեր ընծաներն են Տիրոջը, ինչպես Ծննդյան օրը մոգերի բերած ընծաները:










