Բրիտանացի թատերագիրը Բրեյվիկի ահաբեկչության մասին մյուզիքլ է գրել
Բրիտանացի թատերագիր Դևիդ Գրիգը մյուզիքլ է գրել Ուտոյա կղզում (Նորվեգիա) Անդերս Բրեյվիկի իրականացրած ահաբեկչության մասին, հայտնում է Лента-ն՝ վկայակոչելով The Guardian-ին։
Նա անվանել է մյուզիքլը «Իրադարձություններ» (The Events), իսկ նպատակը նշել է մարդկային կարեկցության սահմանների հետազոտությունը։ Շոուն առաջին անգամ կներկայացվի այս տարի ամռանը Էդինբուրգի Traverse Theatre-ում, այնուհետև ներկայացումը կուղևորվի Լոնդոն։
Գրիգը և մյուզիքլի ռեժիսոր Ռամին Գրեյը ներկայացումը ստեղծելու համար մեկնել են Նորվեգիա, որտեղ հանդիպել են ահաբեկչության զոհերի հարազատների և այլ տեղացիների հետ։ Գրիգի խոսքով, Օսլոն փոքր քաղաք է, որտեղ գրեթե բոլորը միմյանց ճանաչում են, այնպես որ զանգվածային սպանությունը, այսպես թե այնպես, դիպչել է բոլորին։
Նշվում է, որ Բրեյվիկի անունը ներկայացման մեջ չի հիշատակվի։ Նրա տեղը կզբաղեցնի հորինված կերպարը, իսկ գործողությունների վայրը կտեղափոխվի հեղինակի հայրենի Շոտլանդիա։ Երաժշտության հեղինակն է երգահան Ջոն Բրաունը։
Անդերս Բրեյվիկը 2011թ. հուլիսին ռումբ է պայթեցրել Օսլոյի կառավարական թաղամասում, այնուհետև կրակահերթ բացել Ուտոյա կղզում երիտասարդական ճամբարում։ Ընդհանուր առմամբ մահացել է 77 մարդ։










