Նապոլեոնի և Ժոզեֆինայի նշանադրության մատանին վաճառվել է 949.000 դոլարով
Ֆրանսիայի նախկին կայսր Նապոլեոն Բոնապարտի՝ նշանադրության կապակցությամբ Ժոզեֆինային նվիրած ոսկյա մատանին Osenat աճուրդի տան կազմակերպած աճուրդի շրջանակներում վաճառվել է գրեթե 1 մլն դոլարով, հայտնում է Yahoo! News-ը։
Ուշագրավ է հատկապես այն հանգամանքը, որ աճուրդի կազմակերպիչներն ադամանդով ու կապույտ շափյուղայով զարդարված մատանին գնահատել են մոտ 20 հազար դոլար, սակայն այն վաճառվել է 47 անգամ ավելի թանկ. անհայտ գնորդը դրա համար վճարել է 949.000 դոլար։
Աճուրդը կազմակերպվել է Ժոզեֆինայի ծննդյան 250-ամյակի օրը. մատանու վրա փորագրված են «Ես և դու» բառերը։
Ինչպես նշում է Euromag-ը, Նապոլեոնն ու Ժոզեֆինան ծանոթացել են 1795 թ.։ Ապագա կայսրն այնքան է տարվել Ժոզեֆինայով, որ նրա համար արգելք չի հանդիսացել տարիքային տարբերությունը (Ժոզեֆինան 6 տարով մեծ է եղել Նապոլեոնից) և այն հանգամանքը, որ կինն արդեն 2 երեխա է ունեցել առաջին ամուսնությունից։ Հանդիպումից 1 տարի անց զույգն ամուսնացել է, սակայն ընդամենը մի քանի տարուց նրանք բաժանվել են։ Այնուամենայնիվ, Նապոլեոնն ու Ժոզեֆինան նույնիսկ ամուսնալուծությունից հետո պահպանել են ընկերական հարաբերությունները։










