Կենդանի արվեստ. օսկարակիր Թիլդա Սուինթոնն օրական 7 ժամ կքնի Նյու Յորքի թանգարանում (տեսանյութ)

10:07 • 25.03.13

Բրիտանացի աշխարհահռչակ կինոդերասանուհի Թիլդա Սուինթոնը մինչև մարտի վերջ «կզարդարի» Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանը (ԱՄՆ). օսկարակիր դերասանուհին այստեղ օրական 7 ժամ հանդես կգա որպես կենդանի նմուշ: Ինչպես հաղորդում են արևմտյան լրատվամիջոցները, այդ 7 ժամերի ընթացքում բրիտանացի դերասանուհին պարզապես աչքերը փակ պառկելու է ապակե «ցուցափեղկի» մեջ:

 


Սուինթոնը որպես թանգարանային նմուշ հանդես կգա The Maybe «Միգուցե» նախագծի (հեղինակը անգլիացի քանդակագործ, ինստալյացիայի վարպետ Քորնելյա Փարքերն է) շրջանակում, որը մեկնարկել է 1995թ-ին: Մատրաս, սավան, բարձ, քնած Թիլդա Սուինթոն, կողքին՝ ակնոց և ջրով լի կուժ. ահա այն ամենը, ինչ կարելի է տեսնել «Թիլդա Սուինթոն» ցուցանմուշի անվան ներքո:

 

Դերասանուհին Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանում իր առաջին «քունն արդեն առել է»՝ երեկ: Բրիտանական Guardian.co.uk կայքը գրում է, որ դերասանուհուն թանգարանում կարելի է տեսնել ևս 7 օր: Կենդանի ցուցահանդեսի հեղինակն ու կազմակերպիչները հետաքրքրությունը մեծացնելու համար որոշել են յուրաքանչյուր օր փոխել նմուշի ցուցադրման սրահը, որպեսզի այցելուները թանգարանով շրջելիս հանկարծակի հանդիպեն «քնած գեղեցկուհուն»:

 

Օսկարակիր դերասանուհին (նա Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակին արաժանացել է «Մայքլ Քլեյթոն» ֆիլմում մարմնավորած դերի համար՝  «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում) առաջին անգամ քնած գեղեցկուհու դերում հանդես է եկել 1995թ. Մեծ Բրիտանիայի թանգարաններից մեկում, իսկ1996թ-ին՝  Իտալիայի: «Ես իմ կյանքի փուլերից մեկում օրական 8 ժամ անցկացրել եմ թանգարանում՝ փակ աչքերով պառկած: Երբ այդ ամենն ավարտվեց, ես որոշեցի, որ այլևս նման բան չեմ անի: Այժմ, սակայն, ցանկանում եմ կրկնել  այդ «փորձությունը»: Ես  ցանկանում եմ մահանալ հենց այդպես»,-ամիսներ առաջ իր հարցազրույցենրից  մեկում ասել էր դերասանուհին:


«Միգուցե սա արվեստ է, Միգուցե ոչ: Միգուցե նա քնած է,  Միգուց արթուն: Թանգարանի շատ այցելուներ նայելով նրան՝ կմտածեն՝ Միգուցե եթե ես երկար մնամ այստեղ, կտեսնեմ, թե «կենդանի նմուշը» ինչպես է գնում զուգարան...Եվ այդ դեպքում կգնա՞ արդյոք արվեստի գործը նրա հետ, թե՞ կմնա ցուցափեղկի մեջ»,-ահա այսպես է մեկնաբանել կենդանի ցուցահանդեսի անվանումը Քորնելյա Փարքերը:

 

Բրիտանական ԶԼՄ-ներն ընդգծում են, որ ցուցադրության առաջին օրը դերասանուհին «որևէ տեղ էլ» չի գնացել. նա 7 ժամվա ընթացքում ընդամենը մի քանի անգամ փոխել է քնելու դիրքը: