Սարսափի գույնը. նացիստական համակենտրոնացման ճամբարների առաջին գունավոր լուսանկարները. Daily Mail
Բրիտանական Daily Mail պարբերականն ուշագրավ ֆոտոշարքի տեսքով ներկայացրել է նացիստական ամենաառաջին համակենտրոնացման ճամբարները և թե ինչպիսի զազրելի պայմաններում են Հոլոքոստի զոհերը գոյատևել այնտեղ։
Պարբերականը հատուկ ընդգծում է, որ սրանք բացառիկ գունավոր լուսանկարներ են, որոնք առաջին անգամ են հրապարակվում։ Լուսանկարներում ներկայացված են նացիստական շրջանի ամենավաղ համակենտրոնացման ճամբարները, որոնց թիվը 1933թ. վերջին ամբողջ Գերմանիայում 40 հազար էր։

1933թ. կանցլերի պաշտոնը ստանձնելուց հետո Ադոլֆ Հիտլերը սկսել է իրականացնել տասնյակ հազարավոր համակենտրոնացման ճամբարների ստեղծման ծրագիրը, որտեղ սկզբում ուղարկվել են Հիտլերի քաղաքական թշնամիները՝ կոմունիստները, սոցիալ-դեմոկրատները, ինչպես նաև միասեռականները, Եհովայի վկաներն ու սովորական հանցագործները։ Այնուհետև այս ճամբարներ են ուղարկվել անօթևանները, մուրացկանները, մարմնավաճառները, «ալարկոտ» գնչուներն ու հարբեցողները։
Նացիստական ռեժիմը խոշորագույն համակենտրոնացման ճամբարները ստեղծել է Օրանիենբուրգում, Էստերվեգենում, Դախաուում, Լիխտենբուրգում, Սաքսոնիայում։

Որոշ ժամանակ անց համակենտրոնացման ճամբարները ժամանակավորի կարգավիճակից սահուն անցում կատարեցին հասարակության «թափթփուկների» համար նախատեսված մշտական ճամբարների կարգավիճակին։
Ներսի բանտարկյալներին տարբերակելու համար նացիստներն օգտագործում էին տարբեր գույնի եռանկյունիներ։ Օրինակ՝ քաղաքական բանտարկյալները կրում էին կարմիր, հանցագործները՝ կանաչ, միասեռականները՝ վարդագույն, Եհովայի վկաները՝ մանուշակագույն եռանկյունիներ։ Իսկ ինչ վերաբերում է հրեաներին, ապա նրանց ստիպում էին կրել Դավթի աստղի դեղին գույնի խորհրդանիշը։



1934թ. Հիտլերը ԷսԷս-ի ղեկավար Հենրիխ Հիմլերին հրամայում է համակենտրոնացման ճամբարները վերածել մշտական համակարգի։ Այս գործի համար Հիմլերն ընտրում է ԷսԷս-ի գեներալ-լեյտենանտ Թեոդոր Էյկեին, ով Դախաու համակենտրոնացման ճամբարի վերահսկողն էր։ Արդյունքում հենց Դախաուի օրինակն էլ դառնում է նացիստական համակենտրոնացման ճամբարների համակարգի ստեղծման մոդելը։


Թեև շատերի մոտ համակենտրոնացման ճամբարներն անմիջապես մտազուգորդվում են հրեաների հետ, սակայն, ըստ պարբերականի, սկզբնական շրջանում հրեաներն այդ ճամբարներում բավական փոքր թիվ են կազմել։ Սակայն իրավիճակը կտրուկ փոխվել է 1938թ., երբ հրեաները միայն իրենց ծագման պատճառով դարձան այս սարսափելի հաստատությունների ճնշող մեծամասնությունը։


Համակենտրոնացման ճամբարներում պայմաններն իրոք սարսափելի էին։ Մարդու կյանքի և առողջության համար լուրջ վտանգ ներկայացնող աշխատանքներն ու թերսնուցումը ճակատագրական էին բազմաթիվ բանտարկյալների համար։
Սակայն համակենտրոնացման ճամբարների, անշուշտ, ամենադաժան տանջանքը գազային խցիկներն էին, որոնք կառուցվել էին Մաութհաուզենի, Զակսենհաուզենի, Օսվենցիմի և մի շարք այլ համակենտրոնացման ճամբարներում՝ բանտարկյալներին խեղդամահ անելու համար։


Պաշտոնական հաշվարկների համաձայն՝ նացիստական համակենտրոնացման ճամբարներում ավելի քան 6 մլն հրեա, 1 մլն լեհ, ռուս զինվորներ, գնչուներ, միասեռականներ և Հիտլերի համար այլ «անցանկալիներ» կորցրեցին իրենց կյանքը։










