Առաջիկայում «Անուշ» օպերայի բեմելը՝ հայ-ֆրանսիական ընթերցմամբ
Հայաստանի և Ֆրանսիայի մշակույթի նախարարությունների միջև երկու տարվա բանակցություններից հետո, հայ և ֆրանսիացի արվեստասեր հասարակության դատին կներկայանա «Անուշ» նախագիծը:
Այս մասին այսօր հայտարարվեց Հայաստանում ֆրանսիայի դեսպանատանը ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյի, Սերժ Ավեդիքյանի, Ֆրանսիայի «Նանտեռի Ամանդյե» թատրոնի խորեոգրաֆ Նիկոլյա Մյուզենի, նախագծի պրոդյուսեր Իրինա Իգիթխանյանի համատեղ մամուլի ասուլիսին:
Ինչպես նշեց դեսպանը՝ նախագիծը խիստ հավակնոտ, ծախսատար, խորը մտածված, մարդկային մեծ ներուժ պահանջած աշխատանք էր:
«Եթե ես ճիշտ եմ հասկանում, ապա սա հայ-ֆրանսիական առաջին ծրագիրն է, որտեղ համատեղ ֆինանսավորում կա՝ հայ և ֆրանսիական կողմերով… Ես չեմ կարող իմ գոհունակությունը չհայտնել առ այն, որ այդ ծրագիրը լիովին համահունչ է Ֆրանկոֆոնիայի սեզոնի հետ, որի մեկնարկը Հայաստանում տրվեց մեկ շաբաթ առաջ՝ նշանավորվելով ֆրանսիացի հայտնի երգչուհի Էլեն Սեգարայի մենահամերգով »,- նկատեց Անրի Ռենոն:
Արմեն Տիգրանյանի հանրահայտ օպերայի հիման վրա «Անուշ» օպերայի բեմադրության և լիբրետոյի ադապտացիան Սերժ Ավեդիքյանինն է, բեմի ձևավորումը, հագուստներն ու խորեոգրաֆիան՝ Նիկոլյա Մյուզենինը:
«Այս գործը շատ ու շատ փոփոխություններ է կրել… Ես շատ եմ խնդրում, բացի լիբրետոյից, կարդացե՛ք պոեմը նորից, որովհետև այն ևս մեկ անգամ ապացուցում է, թե որքան տաղանդավոր է Թումանյանը»,-ասաց Սերժ Ավեդիքյանը՝ համառոտ ներկայացնելով «Անուշ»-ների պրեմիերաների պատմությունը. «Անուշը» 1912 թվականին Գյումրիում առաջին անգամ ներկայացվեց գյումրեցի հանդիսատեսին, ապա 1919-ին այն բեմադրեց Ստամբուլում, որին ներկա եղավ նաև անմահ ստեղծագործության հեղինակը՝ Հովհաննես Թումանյանը, ապա 1935-ին խորհրդային ընթերցմամբ, որի ժամանակ ԽՍՀՄ գրաքննությունը հանել էր Անուշի հոր և բազմաթիվ այլ կերպարներ:
«Անուշի» մենակատարներն են՝ Սոֆյա Սայադյանը՝ Անուշ, Լիպարիտ Ավետիսյանը՝ Սարո, Գուրգեն Բավեյանը՝ Մոսի, Քրիստինա Սահակյանը՝ Անուշի մայր, Լիլիթ Սողոմոնյանը՝ Սարոյի մայր:
Բեմադրությանը մասնակցում են նաև «Հովեր» պետական կամերային երգչախումբը՝ գեղարվեստական ղեկավար և խմբավար Սոնա Հովհաննիսյանի մասնակցությամբ:
«Անուշի» հայաստանյան պրեմիերան կկայանա ապրիլի 26, 27-ին՝ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, իսկ ֆրանսիականը՝ մայիսի 22, 23, 25, 26-ին՝ «Նանտեռի Ամանդյե» թատրոնում, ինչով էլ Ֆրանսիայում կազդարարվի թատերական սեզոնի փակումը:










