Հարիսոն Ֆորդը պատրաստ չէ խոսել «Աստղային պատերազմներ» վերադառնալու մասին

11:31 • 27.03.13

Հոլիվուդի 70-ամյա աստղ Հարիսոն Ֆորդը կտրականապես հրաժարվում է խոսել «Աստղային պատերազմներ» եռապատումում կապիտան Սոլոյի դերին վերադառնալու մասին, որը նրան համաշխարհային ճանաչում է բերել, հայտնում է ИТАР-ТАСС-ը։ 

 

Հնարավոր է՝ դա պայմանավորված է նրանով, որ այս պահին Ֆորդը զբաղված է «42» ֆիլմով, սակայն երբ նրան հարցրել են, թե ինչ է զգում, որ Դիսնեյ ընկերությունը սկսել է աշխատել «Աստղային պատերազմներ» ֆիլմի շարունակության վրա, դերասանի պատասխանն անսպասելի է եղել. «Այս պահին ոչինչ չեմ զգում, բացարձակ ոչինչ»։

 

Ֆիլմի ռեժիսոր Ջորջ Լուկասը հայտնել էր, որ հին եռապատման աստղերը՝ Հարիսոն Ֆորդը, Մարկ Հեմիլը և Քերի Ֆիշերը, կվերադառնան էկրաններ նոր սերիաներում։ Այնուամենայնիվ, Ֆորդն այդ հայտարարությունը չի մեկնաբանել։ Լրագրողի այն հարցին, թե հնարավոր է ինչ-որ բան նրան ստիպի կրկին խաղալ Հան Սոլոյի դերը, դերասանը ժպտալով պատասխանել է. «Նույնիսկ չի քննարկվում։ Դա հիանալի է, այնպես չէ՞»։