Թյուր տպավորություն կա, որ այն ինչ արգելված է, ուրեմն պոռնոգրաֆիա է. «Արգելված գրքեր» շարքի մասին
«Արգելված գրքեր» շարքի նկատմամբ թյուրընկալում կա։ Այդ գործերը շատերը պոռնոգրաֆիա են ընկալում. այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Արգելված գրքեր» շարքի հրատարակման մասնակից, գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը։
«Ժողովրդի մոտ տպավորություն կա, որ այն ինչ արգելված է, ուրեմն պոռնոգրաֆիա է։ Այս շարքով մենք փորձել ենք նախ ցույց տալ, որ դա այդպես չէ և հետո էլ համընթաց քայլել համաշխարհային գրականությանը»,- ասաց նա։
Ըստ նրա, շարքը հայ ընթերցողին ներկայացնելու համար դեր չի ունեցել թեմատիկ գործոնը: «Մենք թարգմանել ենք լավագույն գրքերը, պարզապես դրանցից մի քանիսն ունեն պոռնոգրաֆիկ շերտեր»,- ավելացրեց նա:
«Անտարես» հրատարակչության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ իրենք հանձն առնելով «Արգելված գրքեր» շարքի հրատարակումը, փորձել են ներկայացնել գրական այն գործերը, որոնք տարբեր ժամանակաշրջաններում արգելվել են տարբեր պատճառներով։
Ըստ նրա, օրինակ՝ Զավեն Բոյաջյանի թարգմանությամբ ամերիկացի գրող Հենրի Միլերի «Խեցգետնի արևադարձը» վեպը Միացյալ Նահանգներում 1934-ին արգելվել է և միայն երեսուն տարի անց՝ 1964-ին է հայրենիքում լույս տեսել։ Իսկ արգելվել է միայն նրա համար, որ Միացյալ Նահանգներում դա համարում էին պոռնոգրաֆիա:
Արքմենիկ Նիկողոսյանը հավելեց, որ նույն շարքում ընդգրկված Ջորջ Օրուելի «1984» վեպը խորհրդային և մյուս երկրներում, արգելվել է ոչ այդքան պոռնոգրաֆիկ նկատառումներից ելնելով, որոնք, ըստ նրա, չկան էլ, այլ ուղղակի գաղափարական նկատառումով։ Մյուս վեպը՝ Էլիֆ Շաֆաքի «Ստամբուլի բիճը», նույնպես արգելված գրականության ցանկում է, որն արգելվել է, քանի որ դատավարություն է անցկացվել հեղինակի դեմ։
«Երկու մեծ դատավարություն է եղել, և հեղինակը՝ թրքությունը, ազգությունը վիրավորելու համար է մեղադրվել, որովհետև երկու հայկական ընտանիքի պատմություն կա»,- ասաց նա։
Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ երբ իրենք նախապատրաստվում էին հրատարակման, վախենում էին, որ կարող է գրքերն արգելվել նաև այստեղ։
«Բայց մեր իշխանությունն իրեն լավ պահեց, և հետո էլ մեր օրենքում կա, որ ոչ մի գիրք հրատարակել չի արգելվում։ Բացի այդ, պոռնոգրաֆը, «գրաֆ» բառից է , որը նշանակում է պատկեր, իսկ սա պատկեր չի, սա տեքստ է։ Թե ընթերցողն իր երևակայության մեջ ինչ պատկեր կունենա, դա այլ հարց է»,-նշեց նա։
Արմեն Մարտիրոսյանը խոստովանեց, որ իրենք գրքի նկատմամբ ավելի մեծ հետաքրքրություն էին սպասում, քան եղավ։
«Այս գրքից շատ ավելի մեծ աշխուժություն էինք սպասում Հայաստանում հնարավոր չէ գրքով փող աշխատել։ Այդ վնասը փորձեց վերցնել իր վրա մեր հրատարակչությունը։ Գիրքն առ այսօր վնասաբեր է և հուսով ենք, որ ինքնածախսը գոնե դուրս կգա, չնայած, որ այն տեմպերով, որ այսօր վաճառվում է, դժվար»,- ասաց նա։
Բանախոսները հայտարարեցին, որ անկախ ամեն ինչից գիրքը կունենա նաև երկրորդ հրատարակչությունը, որտեղ կներգրավվեն ևս երեք արգելված գրքեր.
«Հաջորդ գրքեր են այս շարքում Լորենսի «Լեդի Չաթըրլիի սիրեկանը», Միշել Վելբեկի «Տարրական մասնիկները» և Կամիլ Լը Մոնիեի «Տղամարդու սերը»,-ներկայացրեց Արմեն Մարտիրոսյանը:










