Լոնդոնում բացվելիք ցուցահանդեսի նմուշները ներկայացնում են Պոմպեյի վերջին օրը՝ ճակատագրական հրաբխից առաջ (լուսանկարներ)
Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում մարտի 29-ին բացվելու է անչափ դիտարժան ցուցահանդես, որի շրջանակներում կներկայացվի պատմական Պոմպեյ քաղաքին պատկանող 450 նմուշ, այդ թվում՝ քարացած մարդկային դիակներ, որոնք հայտնաբերվել են ճակատագրական հրաբխից հետո։
Ինչպես նշում է Daily Mail-ը, ստորև ներկայացված նմուշները երբևէ չեն ցուցադրվել Իտալիայի սահմաններից դուրս և ներկայացնում են «անիծյալ» քաղաքի վերջին օրը՝ ճակատագրական հրաբխից առաջ։
Լավ պահպանված նմուշները բացահայտում են 79թ. Վեզուվի հրաբխի ժայթքման հետևանքով Երկրի երեսից վերացած հնագույն իտալական քաղաքներից մեկի բնակչության հաճույքասիրությունն ու սեքսուալ ազատությունը։
Թեև Պոմպեյի ողբերգական պատմությունը հայտնի է շատերին, սակայն նոր նմուշները հնարավորություն կտան այցելուներին ավելի լավ պատկերացնել այն բոլոր տանջանքները, որոնց բնակիչները ենթարկվել են սոսկալի բնական աղետի պատճառով։ Այս տեսանկյունից առավել ցնցող են օրորոցի մեջ քարացած մանկական ոսկորները։ Բացի այդ, ուշագրավ են նաև ոսկյա զարդերի, մարմարյա արձանների և կենցաղային իրերի նմուշները։










