Հոլիվուդի «գլխավոր ավազակ» Տարանտինոն նշում է իր ծննդյան 50-ամյակը (լուսանկարներ)

12:09 • 27.03.13

Հոլիվուդի «գլխավոր ավազակ» Քվենտին Տարանտինոն այսօր նշում է իր ծննդյան 50-ամյակը։ Այս տարիների ընթացքում նա դարձել է իրական մարդ-կինոստուդիա՝ ռեժիսոր, դերասան, պրոդյուսեր և սցենարիստ, գրում է НТВ-ն։

 

Տարանտինոն այդպես էլ չի ստացել մասնագիտական կրթություն. նրա համալսարանը դարձել է տեսավարձույթի խանութը, որտեղ ապագա օսկարակիրն աշխատել է մի քանի տարի՝ դպրոցը թողնելուց հետո։ Այնտեղ էլ նա սկսել է  սցենարներ գրել։

 

Տարանտինոյի առաջին հաջողությունը «Կատաղած շներ» ֆիլմն է եղել, սակայն նրա գլուխգործոցը դարձել է «Քրեական ընթերցվածք» ֆիլմը, որը 1994-ին նրան բերել է Կաննի կինոփառատոնի մրցանակը, այնուհետև «Օսկար»՝ լավագույն սցենարի համար։ Իր երկրորդ «Օսկարը» նա ստացել է 2012թ. «Ջանգո ազատագրվածը» ֆիլմի լավագույն յուրահատուկ սցենարի համար։ Ընդհանուր առմամբ Տարանտինոն 54 ֆիլմի և սերիալի հեղինակ է։

 

Իր անունը՝ «Քվենտին», Տարանտինոն ստացել է «Կրակոցի ծուխը» սերիալի կերպարի պատվին՝ Քվինտ Ասպեր։ Չնայած նա որդեգիր երեխա է եղել, սակայն պահպանել էր իր կենսաբանական հոր ազգանունը։

 

Որոշ տվյալներով՝ նրա ինտելեկտի գործակիցը հավասար է 160-ի, դա այն դեպքում, երբ նա հեռացել է դպրոցից 16 տարեկան հասակում։ Նման IQ ունի, օրինակ, Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը։

 

Առավել հաճախ իր ֆիլմերում Տարանտինոն նկարահանում է դերասան Սեմյուել Ջեքսոնին և Զոի Բելին, ինչպես նաև Հարվի Քեյթելին, Թիմ Ռոտիին և Մայքլ Բոուենին։ Ումա Թուրմանին նա անվանում է իր ստեղծագործական մուսան։

 

Տարանտինոյի ֆիլմերը ճանաչված են շնորհիվ յուրօրինակ ռեժիսորական ձեռագրի։ Նրա ֆիլմերի հերոսները հաճախ տարածական երկխոսություններ են վարում, իսկ բռնության տեսարանները երկարացված են և ներկայացվում են էսթետիկ, մասամբ նաև կատակերգական տեսանկյունից։

 

Հաճախ նրա ֆիլմերում կարելի է հանդիպել կանանց մերկ ոտքերով տեսարաններ, կամ երկխոսություններ, որտեղ քննարկվում են ոտքերը։ Բացի այդ, նրա յուրաքանչյուր ֆիլմում կա մեկ կամ մի քանի տեսարան ռեստորանում։