Ոչ հաղթել, ոչ էլ պարտվել. «Դորիանսի» հարցազրույցը՝ ESC-ին

16:28 • 28.03.13

Eurovision Song Contest կայքը հարցազրույց է ներկայացրել մայիսին Շվեդիայում կայանալիք «Եվրատեսիլ» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող «Դորիանս» խմբի հետ։ Ի դեպ, սա առաջինն է հարցազրույցների շարքից, որը ներկայացվելու է «Եվրատեսիլի» մասնակիցների հետ:

 

Սկզբում կայքը տղաներից հետաքրքրվել է, թե ինչպե՞ս են որոշել մասնակցել «Եվրատեսիլ-2013»-ին՝ 2009-ին «Եվրատեսիլին» մասնակցելու համար չընտրվելուց հետո:

 

«2009-ին մենք գիտեինք, որ չենք ընտրվելու, քանի որ նոր խումբ էինք, հայ հանդիսատեսը մեզ չգիտեր: Մեր նախկին մենեջերի մտահղացումն էր, որ մասնակցենք և թույլ տանք, որ հանդիսատեսը ճանաչի մեզ»,- ասված է խմբի պատասխանում: «Այս տարի Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունն է մեզ խնդրել ներկայացնել Հայաստանը «Եվրատեսիլին», և մենք սիրով ընդունել ենք խնդրանքը»,-ընդգծել է «Դորիանսը»:

 

Նրանք նշել են, որ իրենց համար, իհարկե, մեծ պատիվ է Հայաստանը «Եվրատեսիլում» ներկայացնելու հնարավորություն ստանալը։ «Այն մեզ համար զուտ մրցույթ չէ, այլ մի ամբողջ փառատոն, որին տարբեր երկրների ներկայացուցիչներ ծանոթանալու, մշակութային փոխանակման և, իհարկե, զվարճանալու հնարավորություն են ունենում»,- ասել են տղաները՝ պատասխանելով այն հարցին, թե նրանց համար ինչ է նշանակում «Եվրատեսիլին» մասնակցությունը:

 

Ինչ վերաբերում է հաջողությանը և հետագա կարիերային, ապա «Դորիանսը» կցանկանար «ոչ հաղթել, ոչ էլ պարտվել»: «Մենք անելու ենք հնարավորը՝ որպես արտիստներ, և փորձելու ենք չհիասթափեցնել մարդկանց, ովքեր սատարում են մեզ»,- ասել են նրանք։

 

Խոսելով Black Sabbath ռոք խմբի կիթառահար Թոնի Այոմիի հետ համագործակցության մասին՝ «Դորիանսը» պատմել է, որ իրենց մենեջերն է նրան խնդրել իրենց համար երգ գրել, և նա սիրով ընդունել է առաջարկը: Նշվել է նաև, որ Այոմիի պես իսկական լեգենդի հետ համագործակցությունը մեծ պատիվ է խմբի համար և որ Black Sabbath-ն իր ազդեցությունն է ունեցել «Դորիանսի» վրա:

 

Աղբյուրն իր հերթին նշել է, որ Այոմին բրիտանական մամուլում շատ լավ է արտահայտվել Գոռի երգեցողության մասին, սակայն ասել է նաև, թե իր կարծիքով՝ երգը մրցույթում կքննադատվի: Տղաները նշել են, որ չեն ուզում մեկնաբանել Այոմիի ասածը:

 

«Երգում դուք հարց եք տալիս՝ ո՞վ է մարդը և ո՞վ է Աստված: Կարո՞ղ եք ինքներդ պատասխանել՝ ո՞վ է փրկելու Մենավոր մոլորակը»- հարցրել է ESC-ն:

 

««Մենավոր մոլորակը» միայն Երկիր մոլորակի մասին չէ, մեր բոլորի մասին է: Մենք կարծում ենք, որ յուրաքանչյուրն ունի իր ներքին մենավոր մոլորակը: Ուստի, եթե ցականում ենք է՛լ ավելի լավ աշխարհում ապրել, ապա մեզնից յուրաքանչյուրը պետք է իրեն այնպես պահի, որ աշխարհն է՛լ ավելի լավը դառնա», - պատասխանել է «Դորիանսը»:

Վերջում տղաները նշել են, որ իրենց երգը կարևոր ուղերձ է պարունակում, և իրենք հույս ունեն, որ դա կհասնի հանդիսատեսին, և հանդիսատեսը հաղորդակից կդառնա նրան: