Հայաստանում չինարենի տարածաշրջանային նշանակության դպրոց կկառուցվի

12:53 • 29.03.13

Հայաստանի և Չինաստանի նախագահների պայմանավորվածության համաձայն՝ այսօր ՀՀ ԱԳՆ-ում ստորագրվել են երկու երկրների կառավարությունների միջև տեխնիկատնտեսական համագործակցության մասին համաձայնագիր, որով մեկնարկում են Հայաստանում չինարենի տարածաշրջանային նշանակություն ունեցող դպրոցի կառուցման աշխատանքները: 


Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը, համաձայնագիրը ստորագրել են ՀՀ փոխարտգործնախարար Սերգեյ Մանասարյանը և ՀՀ-ում Չինաստանի դեսպան Տյան Չանչունը։


Տեխնիկատնտեսական համագործակցության շրջանակներում Չինաստանի կառավարությունը սկսած 1999թ. Հայաստանի կառավարությանը հատկացնում է անհատույց օգնություն: Իրականացվել են տարբեր ծրագրեր, հիմնականում գյուղատնտեսության, առողջապահության և տրանսպորտի բնագավառներում:


2012թ. դեկտեմբերի 28-ին ստորագրվել է ՀՀ և ՉԺՀ կառավարությունների միջև տեխնիկատնտեսական համագործակցության մասին համաձայնագիր, որով նախատեսված է 70 մլն. չինական յուանի անհատույց օգնության տրամադրումը:
Նախատեսվում է նշված գումարի միջոցով ձեռք բերել մաքսային զննման սարքավորումներ, ինչպես նաև օգտագործել Հայաստանում չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցի հիմնման համար: