Ուիլյամ Ֆոլքների սևագրերն աճուրդի կհանվեն
Sotheby's աճուրդի տունը հունիսին վաճառքի կհանի ամերիկացի հայտնի գրող Ուիլյամ Ֆոլքների նամակները, սևագրերն ու անձնական արխիվի այլ նմուշներ։ Նմուշների թվում կլինի նաև գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի մեդալը, որը շնորհվել է հեղինակին 1950թ., հայտնում է Вести-ն։
«Մենք ունենք Ֆոլքների մեդալը, դրա վկայականը, ինչպես նաև գրողի ելույթը և նույնիսկ դրա առաջին սևագիր տարբերակը»,- հայտնել են աճուրդի տնից։ Այդ բոլոր իրերը վաճառքի կհանվեն մեկ լոտի ներքո, որի մեկնարկային գինը կկազմի 500 հազ. դոլար։
Նյու Յորքում հունիսի 11-ին կայանալիք աճուրդում կներկայացվեն նամակներ, բանաստեղծություններ, Ֆոլքների էսքիզները, նրա սցենարները Հոլիվուդի համար, որոնք նա գրել է 1932-1946թթ. ընթացքում։ Ամենահետաքրքիր նմուշներից կդառնա 12 էջանոց չհրապարակված «Գազանորսի պատմությունը» պատմվածքը, որի համար կազմակերպիչներն ակնկալում են ստանալ 30-50 հազ. դոլար։
Իրերի մեծ մասը միայն վերջերս են հայտնաբերվել Ֆոլքների բարեկամների կողմից և երկար տարիներ համարվում էին կորած։ Աճուրդից կազմակերպիչներն ակնկալում են ստանալ ավելի քան 2 մլն դոլար։










