Հայ առաքելական եկեղեցում մատուցվում է Ճրագալույցի Սբ. Պատարագ, որի ավարտին կազդարարվի Փրկչի Հարությունը (տեսանյութ,լուսանկարներ)

17:26 • 30.03.13

Հայ առաքելական եկեղեցիներում այսօր երեկոյան սկսել է Ճրագալույցի Սբ. Պատարագի մատուցումը: Ըստ Եկեղեցական կարգի՝ երեկոյան ժամերգությունից հետո սկսվում է նոր օր: Պատարագի ավարտին ազդարարվում է Փրկչի Հարությունը:


Tert.am-ի հետ զրույցում Տեր Եսայի քահանա Արթենյանը նշեց, որ եկեղեցական այս տոնի առաջին և ամենակարևոր պայմանը հավատքն է, որից բխում է պատրաստակամությունը և ցանկությունը պատարագին մասնակցելու՝ հաղորդությամբ ու աղոթքներով:


«Ցանկացած եկեղեցական տոնին՝ առավել ևս Սուրբ Հարության տոնին մասնակցելու ամենակարևոր պայմանը պատարագին մասնակցելն է: Հարության խորհուրդը հավատքով է, եթե մենք հավատում ենք հարության խորհրդին, ապա ամեն անգամ Զատկի տոնին մեզ համար Հիսուս Քրիստոսը հարություն է առնում: Մարդիկ այս օրը պետք է ծոմ պահեն ու զղջումով գան մասնակցեն պատարագին ու հաղորդություն ստանան»,-ասաց քահանան:


Տեր Եսային նշեց, որ ավագ շաբաթ օրը, որը կրում է Հիսուսի կողմից դժոխքի ավերման և արդար հոգիները ազատելու խորհուրդը, սովորաբար մարդիկ պատրաստվում են նաև զատկական սեղանին: «Հավկիթներն ենք ներկում ու զատկական ուտեստներն ենք նախապատրաստում: Սակայն այդ աշխատանքները, որքան էլ կարևոր լինեն մեզ համար, չպետք է գերադասվեն հոգևոր խորհրդից»,-ասաց նա:


Քահանան նշեց, որ այսօր երեկոյան՝ ժամերգությունից հետո, երբ կբացվի խորանի վարագույրը և կհնչեն հետևյալ խոսքերը՝ «Քրիստոս հարեավ ի մեռելոց, օրհնեալ է յարութիւնն Քրիստոսի», պետք է բոլորը տուն գնան և զատկական սեղանները բացեն:


«Փետրվարի 11-ից՝ Բուն բարեկենդանի օրը սկսված Մեծ պահքը, որը տևում է 48 օր, կավարտվի»,-ասաց նա:


Նշենք նաև, որ այսօր երեկոյան բոլոր հայ քրիստոնյաները, պատարագին մասնակցելուց հետո, եկեղեցիներից իրենց հետ ճրագ են տուն տանում: