Սլավոնական համալսարանում հայկական ազգագրական պարեր են դասավանդվում
Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում արդեն երրորդ շաբաթն է «Կարին» ազգագրական երգի-պարի խմբի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը հայկական ազգագրական պարեր է դասավանդվում։
Tert.am-ի հետ զրույցում բուհի ռեկտորի ուսանողության հարցերով խորհրդական Հռիփսիմե Մարգարյանը նշեց, որ համալսարանը միակն բուհն է, որ առաջարկություն արեց Գագիկ Գինոսյանին դասավանդել ազգագրական պարը և որը չմերժվեց։
«Բուհական համակարգում դասընթացների ծրագրում ազգագրական պարեր ներառվելու միտքն առաջացավ, երբ Գագիկ Գինոսյանի հետ խոսում էինք ազգային պարերի նշանակության մասին։ Ուսանողությունն էլ առաջին իսկ րոպեից, երբ իմացան այդ հնարավորության մասին, չեք պատկերացնի ինչ մեծ արձագանք եղավ։ Պարի մասնակցող ուսանողների քանակը գնալով ավելի է մեծանում»,- ասաց նա և ասաց, որ շատ ուրախ են, որ առաջինը հենց իրենց բուհում է նման պարի դասընթացներ անցկացվում։
Հռիփսիմե Մարգարյանը նշեց, որ դասընթացները դեռ արտաժամյա են և իրենք աշխատում են այն ուղղությամբ, որ դա ընդգրկվի բուհի պարտադիր ուսուցման ծրագրում։
Գագիկ Գինոսյանն իր հերթին նշեց, որ իրենք վաղուց էին բարձրաձայնել ազգագրական պարերի բուհական և հատկապես դպրոցական ծրագրերում ներառելու անհրաժեշտության մասին և արձագանքել են հենց Սլավոնական համալսարանին, քանի որ առաջինը հենց այդտեղից է եկել առաջարկը։
«Պետք է բոլոր բուհերում և, հատկապես, դպրոցական ծրագրում ներառել, քանի որ այդ կառույցները ամբողջովին զերծ են ազգային նկարագիր տվող առարկաներից և պետք է այս երևույթը մտցվի հայ մարդու արժեհամակարգի մեջ, քանի որ սա ինքնաճանաչության լուրջ ճանապարհ է»,- նշեց նա։
Գագիկ Գինոսյանը նշեց, որ իրենք շատ մարդկանց են դիմել նման գաղափարի համար, բայց առայժմ մերժվել են։ «Մենք շատ մարդկանց ենք դիմել, Պաշտպանության նախարարությանն ենք դիմել, որ զինվորի դաստիարակության համար ռազմապարերը ներառվեն, դեռևս ոչ մի պատասխան չենք ստացել»,-ասաց նա։
Ըստ Գագիկ Գինոսյանի՝ ռազմական ինստիտուտում ներառվել էին ազգագրական պարերը։ «Սակայն մեկ տարի պարապմունքներ անցկացնելուց հետո, ցավոք չներառվեց կրթական համակարգի մեջ, քանի որ հաճախ տեսնում ենք, որ սատարելու փոխարեն, գուցե, ակամայից, բայց խանգարում էին»,- ասաց նա։
Վերջում նա հիշեցրեց Կոմիտաս խոսքերը. «Կոմիտասն ասում էր պարն է արտահայտում յուրաքանչյուր ազգի քաղաքակրթության աստիճանը։ Եվ մեր պարերի մեջ տեսնում ես երիտասարդի կրած ներազդեցությունը պարերից, հասկանում ես, թե ինչքան կարևոր է, որ դա փոխանցվի, քանի որ տեսակետը վերակերտելուց զատ, մեր պարերը մարդուն բերում է կատարելության ճանապարհը»,- նշեց նա։










