Միայն մի տեղ կա, որ սպանեն, սուտ չեմ անի` թատրոնն է. Խորեն Աբրահամյանն այսօր կդառնար 83 տարեկան (տեսանյութ)

11:11 • 01.04.13

Ապրիլի 1-ը հայ մեծանուն դերասան, ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Խորեն Աբրահամյանի ծննդյան օրն է, ով հայ հանդիսատեսին հայտնի է կինոյում իր՝ 35, իսկ թատրոնում բազում դերերով:


Ֆիլմերում նրա խաղացած դերերից առավել հայտնի են «Առաջին սիրո երգը»՝ Արսեն Վարունց, «Մենք ենք մեր սարերը»՝ Պավլե, «Սարոյան եղբայրներում»՝ դաշնակցական Գևորգ, (1971թ. Խորեն Աբրահամյանը դարձել է ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր («Սարոյան եղբայրներ» ներկայացման համար) «Տերը» ֆիլմում՝ Ռոստոմ, «Երևանյան օրերի խրոնիկայում»՝ Արմենի և այլն: Իսկ թատրոնում ՝Ռոմեոյի, Պեպոյի,Օթելլոյի , Արա Գեղեցիկի, Ռուստամի,Կորիոլանի , Ավետյանի դերերով:


Աբրահամյանի դերակատարումներին բնորոշ են դրամատիկական զսպվածությունը, հոգեբանական խոր վերլուծությունը, խոսքի նուրբ հղկվածությունը։ Նրա ստեղծագործական հաջողությունները պայմանավորված էին իր արվեստի ինքնատիպությամբ նաև արտիստական խառնվածքին հատուկ համարձակությամբ և արդիականության խոր զգացողությամբ։


Գ.Սունդուկյանի անվան թատրոնում, որտեղ Խորեն Աբրահամյանը խաղաց մինչև իր կյանքի վերջը, նա հանդես եկավ նաև որպես ռեժիսոր՝ բեմադրելով Ն. Զարյանի «Հացավան», Վ.Շեքսպիրի «Ջոն արքա» , Պ. Զեյթունցյանի «Անավարտ մենախոսություն», Պ. Ջակոմետիի «Ոճրագործի ընտանիքը», Հ. Իբսենի «Դոկտոր Ստոկման», Գ. Գորինի «Քին»Ա.Քալանթարյանի «Թիկունք», Պ.Զեյթունցյանի «Անավարտ մենախոսություն», և այլ ստեղծագործություններ։


Ստորև ներկայացնում ենք մեծ դերասանի «մենախոսություն» վերնագիրը կրող մտքերից մի հատված, որը տեղադրված է մեծանուն դերասանի թոռան՝ դերասան, հաղորդավար Խորեն Լևոնյանի ֆեյսբուքյան էջում:


«Մի օրենք կա, որ չպետք է խախտել` ճշմարտությունը. եթե ճիշտ չէ, ոչինչ չի օգնի, չի փրկի: Չկա ավելի պիղծ բան, քան ճշմարտանման սուտը: Իսկ ճշմարտանման սուտը էսօր շատ է: Բացարձակ ճշմարտությունն այն կլինի, երբ արվեստը ծառայի ու բացահայտի ճիշտը: Ժողովուրդը մի դաժան խոսք ունի` դերասանություն մի արա: Խոսքը վատ դերասանության մասին է, լավի մասին չեն ասում` դերասանություն: Իսկ լավը, վստահ եմ, կգա, որովհետև առանց մեծ թատրոնի կյանք գոյություն չունի: Խորապես ներողություն խնդրելով` մի խոստովանություն անեմ. միայն մի տեղ կա` որ սպանեն, սուտ չեմ անի` թատրոնն է»,-ասում էր Խորեն Աբրահամյանը, ով գիտեր, թե ինչ է թատրոնը. մեկ դաժան ու սոսկալի, մեկ` տոն:

«…Հիմա բոլորը վարպետ են: Մեր մասնագիտությունը հեշտացել է կամ հեշտացրել են: Դա ահավոր ծանր մասնագիտություն է: Շեքսպիրի ցանկացած գործ խաղալու համար ֆիզիկական մեծ ուժ է պահանջվում:


Սեռը ցեղը շարունակելու աստվածային, հավերժական բնազդն է: Իմ մտքով էսպիսի բան է անցնում, որ ինչքան շրջազգեստները կարճանում են, էդքան պատերազմի վտանգը մոտենում է: Ինչքան մերկ են կանայք, էդքան անհետաքրքիր են: Ես ժամանակակից մարդ եմ, մի բան էլ ավել, և մտքովս չի անցնում առաջարկել, թե` եկեք փաթաթվենք շորերի մեջ` ինչպես Պարսկաստանում, միայն աչքերը բաց լինեն: Անգլիայում (ես ընդհանրապես Անգլիան շատ եմ սիրում` Շեքսպիրի, թատրոնի հետ կապված) այսպիսի փորձ էին արել. մի բանուկ խաչմերուկում կանգնեցրել էին կարճ հագնված գեղեցիկ աղջիկների: Արդյունքում` վթարների թիվը եռապատկվել էր: Վերջերս մեքենայում ռադիոն էի միացրել, ինչ-որ բժշկական կազմակերպության ծառայություններն են թվարկում, որ կարող են բուժել մի շարք հիվանդություններ, ինչպես նաև` աղջիկների ամոթխածությունը... Ի սեր Աստծո, էդ մի բուժեք և էդքան մի խոսեք սեռի ու սեքսի մասին, հանգիստ թողեք մարդկանց, թե չէ տպավորություն է ստեղծվում, թե մեր պապերն ու նրանց պապերը չգիտեին, թե ինչպես են երեխաներն առաջանում: Բա ո՞նց էին տասներկու երեխա ունենում: Հիմա սովորեցնում են, սովորեցնում... Թե ինչ են սովորեցնում, չեմ հասկանում, բայց ընտանիքներում երեխաների թիվը երկուսից չի անցնում... Որտեղից որտեղ հասա...»: