Հայկական հումորն «ափաշքյարա» է, ասում է ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը

14:01 • 01.04.13

Ռեժիսոր, թատերական գործիչ Նիկոլայ Ծատուրյանին հայկական հումորն այդքան էլ դուր չի գալիս, որը, իր իսկ խոսքով՝ «ափաշքյարա» է, հետևաբար, նա նախընտրում է փափուկ, նուրբ հումորը, որի տակ շերտեր կան։ 


«Մեզ մոտ հումորը մի քիչ բաց է, ափաշքյարա, ցանկալի կլիներ, տակը մի քիչ բան լիներ, այդ ժամանակ ավելի հետաքրքիր կլիներ»,- այսօր՝ հումորի տոնին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա և օրինակ բերեց, թե հայկական հումորն ինչպիսին է։


«Ամուսինը սեքսի ժամանակ կնոջը հարցնում է, ինչի ձեն չես հանում, պատասխանում է՝ դե լավ հա, դու էլ հո օտար չես», այս սա հայկական հումորն է։ Բայց կա շատ նուրբ հումոր, որն ունի շերտեր, որը ես ավելի շատ եմ հավանում ու հարգում»,- ասաց նա։


Իսկ ավելի խորը հումորի համար ըստ նրա պետք է շատ կարդալ։ «Տխուր է բայց «ափաշքյարան» գալիս է անգրագիտությունից, քիչ պատրաստվածությունից, ռուսի ասած՝ «տապոռ հումոր» ա, չի կարող պատահել, որ արիստոկրատը տենց էժան հումոր անի։ Մեզ մոտ շատ-շատ բաներ դրա հետևանք է։ Ցավոք, շատ քիչ են կարդում, համարյա չեն կարդում։ Այն հումորը, որ ունի Հովհաննես Թումանյանը, Կիկոսի մահը, ինչ հումոր է, նրբաճաշակ։ Չենք կարդում, իմանալ չենք ուզում, ապրում ենք էլի»,-ասաց նա։


Նիկոլայ Ծատուրյանի համար Մհեր Մկրտչյանի հումորն էր օրինակելի։ «Մհեր Մկրտչյանին հրավիրեցի ներկայացումը դիտելու, ասաց. գամ, նայեմ, չհավանեմ։ Դա այդպես է, դերասանները, որ ներգրավված չեն ներկայացման մեջ, ձանձրանում են»,- բացատրեց նա։


Ինչ վերաբերում է նրան, որ Հայաստանում ապրիլի 1–ը խառնում են խաբելու հետ, Ալեքսանդր Ծատուրյանը անհեթեթություն է համարում։ «Ապրիլի 1–ը չի կարող խաբելու օր լինել, որովհետև մեզ մոտ 364 օրն էլ խաբելու օր է»,- ասաց նա։


Ըստ նրա, այս ամենի ապացույցը հեռուստատեսային անիմաստ հումորներն են։ «32 ատամ ա, ինչ ա, մեկ-մեկ նայում եմ, դահլիճը հա-հա-հա, ծիծաղում ա, ասում եմ՝ կա՛մ ես եմ հիմար, կա՛մ ազգս ա խելագար։ Դա հենց բաց հումորն ա»,-նշեց նա։
Ամեն դեպքում, ըստ նրա, պետք է «մի քիչ թեթև ապրել»։ «Ինչի՞ ա մեր քիթը սենց կախ, որովհետև, մի բան ա պատահում, ասում ենք՝ ինչի՞ սենց եղավ (ձեռքերը երեսին վերևից վար իջեցնելով)։ Ռուսն ասում ա՝ «նիչեվո, պերեժիվյոմ»»,- ասաց Նիկոլայ Ծատուրյանը։